Քաղաքականություն 

Նոր քաղաքական օրակարգը պետք է ձևավորեն այն ուժերը, որոնք որևէ կապ չունեն նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հետ...

analitik.am

Հայաստանի քաղաքական կյանքն իսկապես բացառիկ է, իսկ քաղաքական գործունեությամբ զբաղվող, իսկ որոշ դեպքերում նաև քաղաքական հավակնություններ դրսևորող ուժերի և անհատների գործելակերպն ու հավակնությունները՝ ապշեցուցիչ:

Ընդամենը մեկ ու կես տարի առաջ իշխանությունից հեռացված քաղաքական ուժերը, նրանց սատելիտներն ու երբեմնի դաշնակիցները, ինչպես նաև առանձին անհատներ այսօր բացահայտ հավակնություն են դրսևորում դառնալու գործող իշխանության քաղաքական այլընտրանքը՝ իշխանության վերադառնալու բացահայտ հավակնություններով:

Գոնե իմ պատկերացմամբ ցանկացած իշխանության այլընտրանք հանդիսացող ընդդիմադիր քաղաքական ուժը դա վաղվա իշխանությունն է:

Քաղաքակիրթ ու զարգացած երկրներում երբեմն ընդդիմությունն է թելադրում երկրի քաղաքական օրակարգը, և իշխանությունը հարկադրված պաշտպանվում է ու տեղավորվում այդ օրակարգի պատերից ներս:

Անկեղծ լինենք, եթե Հայաստանում իրականություն դառնա այդ սցենարը, և Նիկոլ Փաշինյանի իշխանության այլընտրանքը դառնա երեկվա հեռացված քաղաքական ուժը կամ նրա հետ ասոցիացվող այլ ուժեր, ապա դա մեծագույն ապտակ կլինի մեր ժողովրդին և իսկական աղետ մեր պետության համար:

Ի՛նչ խոսք, իշխանությունն ավելի ուժեղ կլինի, եթե ունենա ուժեղ ընդդիմություն:

Բայց երկիրը կրախի առաջ կանգնեցրած քաղաքական ուժերը, թեկուզ բարոյական տեսանկյունից չպետք է ունենան այդպիսի հավակնություն, ավելին, գոնե առաջիկա տարիներին պետք է լռեն՝ համարելով, որ այն ապաշխարելու ամենպատվաբեր տարբերակն է:

Ժամանակը և հանգամանքները կստեղծեն այսօրվա իշխանության իրական այլընտրանքը:
Ոչ մի իշխանություն չի կարող հավերժ լինել, բայց ստեղծել հնարավորություն ու թույլ տալ, որ նախկին համակարգը վերակենդանանալու շանս ստանա, պարզապես անթույլատրելի է: Այդ սցենարը պետք է բացառել ամենայն վճռականությամբ:

Հայաստանում քաղաքական խաղի կանոնները պետք է թելադրեն և համապատասխան քաղաքական օրակարգ ձևավորեն այն մարդիկ և ուժերը, ովքեր որևէ աղերս չեն ունեցել և չունեն նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հետ…

Իրավաբան Նորայր Նորիկյան

Նույն շարքից