Հասարակություն 

Ինչո՞ւ է փակ լինելու սեպտեմբերի 13-ին Գեղարդ վանական համալիրը. պարզաբանում ԱԳՆ-ից

analitik.am

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Տնտեսական զարգացման և ներդրումներ նախարարի խոսնակ Աննա Օհանյանն իր էջում գրել էր, որ սեպտեմբերի 13-ին ժամը 13:00-ից մուտքը Գեղարդ վանական համալիր փակ կլինի այցելուների համար` պայմանավորված Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող կառավարական միջոցառման անցկացմամբ:

Analitik.am-ին Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո Գեղարդ վանական համալիրում տեղի կունենա «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը, որին իրենց կատարումներով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, սաքսաֆոնահար Արմեն Հյուսնունցը, թմբկահար Կարեն Քոչարյանը, դաշնակահար Վահագն Հայրապետյանը և այլ երաժիշտներ։

Նա նաև հաղորդեց, որ համերգը եզակի հնարավորություն է ոչ միայն հանրությանը ներկայացնելու հայկական մշակութային ժառանգությունը, այլ նաև ի ցույց դնել Հայաստանում զարգացող գեղարվեստական միտումները:

«Համերգի հիմքում ընկած է անցյալի և ներկայի միջև կամուրջ կառուցելու գաղափարը, վերաիմաստավորելու հայկական ավանդական ժողովրդական և հոգևոր երաժշտությունը՝ ժամանակակից մեկնաբանությամբ: Միջոցառմանը հրավիրված են բարձրաստիճան հյուրեր Հայաստանից և արտերկրից, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայ արվեստի մեծանուն ներկայացուցիչներ»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Նշենք, որ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից արդեն իսկ տարածվել է հայտարարություն վանական համալիրի՝ զբոսաշրջիկների համար որոշակի ժամանակ փակ լինելու մասին: ԱԳՆ-ն պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում է բոլորի ներողամտությունը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից