Քաղաքականություն 

Եթե դատարանը որոշի ազատ արձակել Քոչարյանին դրանում իշխանության պատասխանատվությունը չկա․ Միրզոյան

analitik.am

Ե՛վ անցած 1,5 տարվա ընթացքում և՛ կառավարության ծրագիրը ներկայացնելիս և՛ ընտրությունների քարոզարշավների ընթացքում մենք ասել ենք, որ մեր քաղաքական թիմի ճանապարհը սա է՝ օրինականություն, իրավականություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ մարդիկ իրենց ասածի պայմաններում են իրենց քվե տվել․ «Ես էլ կարող է որպես քաղաքացի շատ ուզեմ, որ երկրում որևէ հարց լուծվի այս ինչ կերպ, բայց պետք է լինեն դրա իրավական օրինական ճանապարհները»։

«Այսօր կարող է ինձ որպես քաղաքական ուժի ճիշտ թվալ ՍԴ-ի դատավորներին օրինակ դուրս բերելը, և ասելը, որ նրանք այլևս ՍԴ-ի անդամ չեն և այդ մարմինը չկա, իսկ վաղը կարող է իմ խելքին փչել որևէ այլ մարմնի նկատմամբ այդպես վարվել և այդպես շարունակ։ Այդպես մեր երկիրն անդունդը կգլորվի, այդպես չի կարելի»,-ասաց Միրզոյանը։

Իսկ այն հարցին, եթե ի վերջո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ հայտնվի արդյո՞ք դրա մեջ տեսնում է իշխանության պատասխանատվությունը, Միրզոյանն ասաց՝ եթե դատարանը որոշի ազատ արձակել Քոչարյանին դրանում գործող իշխանության պատասխանատվությունը չկա․ «Մենք չենք կարող հիասթափեցնել մարդկանց այն բանում, որը մենք չենք խոստացել։ Մենք չենք խոստացել վերցնել և ձերբակալել որևէ ցուցակով մարդկանց»։

Դիտարկմանը, որ իշխանությունը խոստացել է բացահայտել Մարտի 1-ը, Միրզոյանն ասաց, որ գործը քննվում է դատարանում․ «Ի՞նչ եք առաջարկում, առաջնորդվելով այն կանխավարկածով, որ դատարանն անաչառ չէ, լուծարե՞լ այդ դատարանը, ձևավորել հեղափոխական տրիբունա՞»։

Նույն շարքից