Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Երևանում Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ չի լինի ՀԱՊԿ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալուն՝ ավելացնելով, որ այդ հարցը պետք է լուծվի կոնսենսուսով: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն։
ՀԱՊԿ-ում ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին՝ ռազմաքաղաքական դաշինքի գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի փոխվարչապետը նկատի է ունեցել այն, որ կազմակերպության դռները բաց են բոլոր երկրների առաջ, սակայն կարգավիճակ տալու մասին որոշումները կայացվում են անդամ երկրների համաձայնությամբ:
Ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը կարծում է, որ ՀԱՊԿ-ում կարող է ստեղծվել քննարկումների լայն շրջանակ` հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը միանշանակ դեմ է արտահայտվել Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալուն:
«Քանի որ նման հարցը լուծվում է կոնսենսուսով, բնականաբար, դա կարող է որոշակի քննարկումների տեղիք տալ: Այս հարցի շուրջ կարող է բուռն քննարկում լինել: Բայց քննարկումն այն բանի համար է, որպեսզի հանգեցնի ինչ-որ արդյունքի: Տեսնենք, թե ինչպիսին կլինի այդ արդյունքը: Դա կարող է զրոյական լինել»,-ասել է Կոնովալովը Ռուսարմինֆոյին տված հարցազրույցում:
Փորձագետի խոսքով ՝ կան բազմաթիվ օրինակներ, երբ մեկ միջազգային կազմակերպությունում կան հակամարտող երկրներ, որոնք ունեն հակասական տեսակետներ:
«Օրինակ՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունում ընդգրկված են մի շարք երկրներ՝ տարբեր կարգավիճակով, ներառյալ այն երկրները, որոնց միջև կան լուրջ հակասություններ: Ի դեպ, ուշադրություն դարձրեք նաև ՆԱՏՕ-ին: Այնտեղ դեռ գոյություն ունեն Հունաստանը և Թուրքիան, չնայած վերջերս Թուրքիան ցույց է տալիս ՆԱՏՕ-ից դուրս գալու որոշակի նախանշաններ: Բայց սա ավելի շատ նման է խաղի: Այնպես որ, այս ամենը պետք է որոշվի կոնսենսուսով ՀԱՊԿ-ի շրջանակներում»,-նշել է փորձագետը:
Կոնովալովը հավելել է, որ դիտորդի կարգավիճակը չի համարվում լիարժեք կարգավիճակ միջազգային կազմակերպություններում, ներառյալ` ՀԱՊԿ-ում։