Շուշիի բանտում կա ադրբեջանցի երկու դիվերսանտ, ովքեր Հայաստան ներխուժելուց հետո սպանություն են գործել և բռնվել հայկական ուժերի կողմից:
Այսօր` սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին` արդյո՞ք հնարավորություն կա վերջիններիս փոխանակել Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների հետ, հայտարարեց` միգուցե հնարավոր է, սակայն դա իրավաչափ չէ. «Նախ պետք է ճշտել` ադրբեջանական կողմը համաձայն է, թե` ոչ: Բայց այլ խնդիրներ էլ կան: Նրանք ահաբեկիչներ են, մանկահասակ սպանող, իրավաչափ չէ նրանց փոխանակել մոլորված քաղաքացու հետ: Խնդրի մյուս կողմն էլ կա` ո՞վ է ասել, որ նրանք համաձայն են այդ երկուսի դիմաց բոլորին հետ տալ ու թույլ տալ, որ գնանք «Արաբոյի» տղաների շիրիմների մոտ: Դա այլ թեմա է»:
Հովհաննիսյանը նշեց, որ վերոնշյալ թեմայով քննարկում եղել է ադրբեջանական կողմի հետ, քանի որ նրանք էլ ունեն անհետ կորածներ. «Բայց մենք մոռանում ենք, որ գործ ունենք Ադրբեջանի հետ, մենք նրանց հետ ուղիղ կապ չունենք, կանխատեսելի չէ, թե ինչ են մտածում, ինչպես են մտածում»:
Կարեն Ղազարյանից այս պահին հստակ նորություն չկա: