Քաղաքականություն 

Եթե մատաղ անելուց առաջ պինցետով հանում են ոչխարի հոնքերը, դա ակնհայտ դաժանություն է. Պատգամավոր

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանում քննարկվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին օրենքի նախագիծ, որը ներկայացրել են ԲՀԿ մի խումբ պատգամավորներ՝ առաջարկելով խստացնել պատիժը նրանց համար, ովքեր նման վարք են դրսևորում:

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ նախագծի վերաբերյալ ամբողջ հարցադրումը հումորի և սատիրայի ժանրից է․ «Ասում եք, որ նախագծում օբյեկտիվ կողմի բոլոր դրսևորումները նկարագրված չեն։ Այստեղ մեկը կա՞, որ կարող է Քրեական օրենսգրքում այդպիսի դիսպոզիցիա ցույց տալ, որ օբյեկտիվ կողմի բոլոր դրսևորումները նկարագրված են։ Քրեական օերնսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է առանձին դաժանությամբ սպանության հանցակազմը որևէ ձևով չի կոնկրետացնում, թե առանձին դաժանությունը որն է»։

Պատգամավորը նշեց, որ մարդ կա ծառին նայում է որպես թթվածին տարածող, մարդ էլ կա նայում է որպես վառելափայտ․ «Հիմա այս նախագծին դուք ո՞նց եք նայում։ Ասում եք, որ փորձագետը եզրակացություն կտա դաժանություն է, թե՝ ոչ։ Փորձագետն այդպիսի իրավունք ո՞ւնի առանձին դաժանության մասին գրել, փորձագետը տալիս է մարմնական վնասվածքը կամ խեղման աստիճանը, ո՞նց կարող է փորձագետը եզրակացություն տալ դաժանություն կա, թե՝ ոչ»։

Պետրոսյանը նշեց նաև, որ շատ օրինակներ կարելի է բերել, բայց այստեղ անձի սուբյեկտիվ կողմն է կարևոր, թե ինչին է ուղղված նրա դիտավորությունը․ «Եթե մեկն ուզում է մատաղ անել ու ասում է այս ոչխարի հոնքերը պինցետով քաշեմ նոր մատաղ անեմ, բնականաբար, այստեղ մատաղը չի կարևորվում, այլ նրա դաժանությունը։ Այսինքն, այսպես անվերջ օրինակներ կարելի է բերել և որակազրկել նախագծի էությունն ու նպատակը։ Ես խնդրում եմ բոլորս հարգանքով վերաբերվենք ամեն պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը»։

Պատգամավորի խոսքերով այսպիսի պոզ ու պոչ կպցնելով ոչ մի նախագիծ հաջողությամբ չի պսակվի։

Նույն շարքից