Հայաստան Քաղաքականություն 

Ես որ Ձեր տարիքում էի, ես էլ էի այդպես մտածում. ԼՀԿ-ական պատգամավորը` իմքայլականին

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խորհրդարանը քննարկեց Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանն ասաց, որ նախագծով առաջարկում են ոստիկանության և ԱԱԾ-ի ղեկավարներին նշանակել՝ հաշվի առնելով այն ցենզերը, որոնք դրված են պատգամավորների առջև:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը հայտարարեց, որ մասնավորապես տարիքային շեմի և Ազգային ժողովի մասին խոսելիս պետք է հիշել, որ Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, և հասարակության լայն շրջանակները պետք է ներկայացված լինեն:

Տարոն Սիմոնյանն իր հերթին նշեց, որ դիսոնանս չպետք է առաջանա. «Մենք խոսում ենք ինստիտուտների զարգացման մասին, ոչ թե իշխանության կամ ընդդիմության ով լինելու մասին: Բոլորս խնդիր ունենք պետականությունն ավելի զորեղացնելու: Եթե այսօր դրանից շահելու եք դուք, ուրեմն շահեք, խնդիր չկա: Եթե վաղը կշահենք մենք, ավելի լավ: Իսկ ինչ վերաբերում է պատգամավորների տարիքային ցենզին, ես չեմ ասել, որ պետք է բարձրացնել, ես հասկանում եմ Ձեր մտավախությունը: Ես էլ որ Ձեր տարիքում էի, մտածում էի, որ այդ տարիքային ցենզը պետք է մի բան էլ իջեցնել, սակայն հիմա կարծում եմ, որ այն բավարար է»:

Նշենք, որ Սոնա Ղազարյանը 26 տարեկան է, Տարոն Սիմոնյանը` 32:

Նույն շարքից