Նախօրեին Վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Ցոլակ Խաչատրյանն ընդդեմ Պաշտպանության նախարարության գործով նիստը: Առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարել է Խաչատրյանի դիմումը, բայց ՊՆ-ն դատարանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան:
Ցոլակ Խաչատրյանը զորացրվելուց հետո պահանջում է արձակուրդային օրերի փոխհատուցում, որը չի ստացել:
Analitik.am-ի հետ զրույցում Ցոլակ Խաչատրյանը նշեց, որ դատարանը որոշումը կհրապարակի հոկտեմբերի 2-ին:
Թեև Պաշտպանության նախարարությունն էր դիմել Վերաքննիչ դատարան, սակայն Ց. Խաչատրյանի տեղեկացմամբ, Պն-ից որևէ մեկը չէր ներկայացել դատարան:
Նա նաև նշեց, որ իր բողոքից հետո ՊՆ-ն զինվորականության մասին օրենքում փոփոխություն կատարեց, ըստ որի զորացրվածներին միայն պետք է վերջին երկու տարվա արձակուրդայինը վճարեին: Խաչատրյանի խոսքով, իրենք դիմեցին Սահմանադրական դատարան և այդ փոփոխությունը ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական, իսկ ՍԴ-ի որոշումից հետո ՊՆ-ի կողմից առաջին ատյանի որոշումը բողոքարկելն արդեն անտրամաբանական էր:
Խաչատրյանը նաև նշեց, որ ՊՆ-ն զորացրում է, երբ արխիվից և զորամասերից տեղեկություններ է հավաքում զինվորականին Պն-ի պարտք ու պահանջների վերաբերյալ, թղթաբանությունը և վճարումները բերում են զրոյական վիճակի, որից հետո զորացրում, իսկ թե ինչո՞ւ է ՊՆ-ն բողոքել, արդեն անհասկանալի է:
«Իրենց հարցրեք». սա նախկին զինվորականի պատասխանն է:
Խաչատրյանը պատմեց, որ զորացրվելուց հետո դիմել է ՊՆ՝ իր հասանելիք արձակուրդայինը ստանալու համար, սակայն ՊՆ-ից չեն վճարել, ասել են՝ գնացեք դատարան: Շուրջ մեկ տարի առաջին ատյանը վարույթ չի վերացրել, այս գործն արդեն մի քանի տարի է ձգձգվում է:
Նշենք, որ խոսքը գնում է շուրջ 10-12 մլն դրամի մասին:
«ՊՆ-ն պետք է վճարի 307 օրվա համար, առաջին ատյանը բավարարել է 277 օրը»,-շեշտեց նա՝ հավելելով, որ ՊՆ-ն չի գալիս դատարան և պարզաբանում չի տալիս:
Ինչ վերաբերում նրան, թե կա՞ն արդյոք իր կարգավիճակում գտնվող նախկին զինվորականներ, ասաց, որ կան և ՊՆ-ն վճարումների հետ կապված խնդիրներ ունի:
«Ստրուկի նման համարակալել էին մեջքներիս, չէին տրամադրում այն, ինչ պետք է տրամադրեին, ու աշխատացնում էին ոնց ուզում էին, չէի՞ն մտածում, որ դա հետևանք է ունենալու, ընդ որում, իրավական:
Հենց մեռնելու գործ է լինում, Հայաստանի ինքնորոշմանը, ամբողջությանը սպառնալիքներ են, նման որևէ հարց է առաջանում, մեր մասին առաջնահերթ են հիշում: Եթե մտածում են մեռնելու համար ցելա ենք քցում, չարաչար սխալվում են։
Այսօրվա մեր մասնագիտությունից ելնելով կոչված ենք պաշտպանելու հայրենիքը, դա չի նշանակում, որ հայրենիք ներակայացող որոշ պաշտոնատար անձինք, որ հայրենիքի հետ որևէ առնչություն չունեն, սահմանի տեղն էլ չգիտեն, կարող են իրենց իրավունք վերապահել մարդկանց «քցել» և չիրականացնել պետության կողմից մեզ տրված երաշխիքները և օրենքով սահմանված փոխհատուցումները»,- շեշտեց Խաչատրյանը:
Գոհար Ստեփանյան