Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ՝ վերստին անդրադառնալով մեդիադաշտում առկա գենդերային խտրականությանն ու բռնությանը։ Այդ հայտարարության առիթն էր հանդիսացել «Արմենիա» հեռուստաալիքի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը, որտեղ տղամարդը փորձում էր մկրատով կտրել կնոջ քիթը:
Հաշվի առնելով վերոնշյալ խնդրի կարևորությունն ու ազգեցությունը հանրության գիտակցության վրա, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հրավիրել էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ուշադրությունը։
Եվ այսպես, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ուսումնասիրելով «Արմենիա Թի-Վի» հեռուստածրագրի կողմից հեռարձակված «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի 2019 թվականի օգոստոսի 22-ի եթերի ընթացքում ակնհայտ բռնության, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական և հոգևոր ցավ պատճառելու ցուցադրված տեսարանները, որոնք արգելված են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով, օգոստոսի 23-ին Ընկերության նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ, իսկ սեպտեմբերի 11-ին հրապարակել է որոշումը՝ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա