Քաղաքականություն 

Արագություն գերազանցող վարորդը թշնամի է. Իմ քայլականը խայթեց ԲՀԿ-ականին

analitik.am

Խորհրդարանը քննարկում է օրենքի նախագիծ, որը թույլ կտա քաղաքացիներին նկարել կարգազանց վարորդներին և խախտումներն ուղարկել համապատասխան մարմնին: Եթե իմքայլականներն օրենքը դրական են համարում, ԲՀԿ-ականները դրա մեջ միայն բացասական դրսևորումներ են տեսնում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն, ամբիոնին մոտենալիս, նախ իր պարտքը համարեց խայթել ԲՀԿ-ական Արման Աբովյանին՝ հայտարարելով, որ վերջինս ճիշտ է ասում՝ արժեհամակարգի խնդիր կա. «Որտեղ պարոն Աբովյանը տեսնում է «գործ տալ», ես տեսնում եմ քաղաքացի»:

Երբ Աբովյանը տեղից արձագանքեց, իմքայլականն ասաց, որ արդեն տեղյակ է, որ վերջինս շատ կրթված մարդ է՝ Արմենիա TV-ով տեսել են՝ ակնարկելով «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» խաղը, որի գիտակներից մեկն է Աբովյանը:

Գրիգորյանի խոսքերով, այն մարդիկ, ովքեր խախտում չեն անում, մտածելու առիթ չունեն. «Ասում եք, թե թշնամանք է սերմանվում: Եթե մարդը կարող է հարբած մեքենա վարել ու վրաերթի ենթարկել մեր երեխաներին, նա թշնամի չէ, իսկ մենք, որ ֆիքսում ենք նրա խախտումները դառնում ենք թշնամի՞: Թշնամին նա է, ով արագություն է գերազանցում: Նա հանրության թշնամին է, որովհետև դրա արդյունքում վնասը կրում են նաև կողքինները»:

Նույն շարքից