Իրավական Հասարակություն 

ՍԴ-ն հրապարակել է դատավորներ Արմեն Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ

analitik.am

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա սեպտեմբերի 4–ին կայացած որոշման վերաբերյալ ՍԴ դատավորներ Արմեն Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի ներկայացրած հատուկ կարծիքները։

Մասնավորապես Սահմանադրական դատարանի դատավոր Արմեն Դիլանյանը կարծիք է հայտնել, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը ենթակա է եղել կարճման, քանի որ վիճարկվող՝  քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել և իրավական հետևանքներ չի առաջացրել։ Դիլանյանի կարծիքով՝ առկա օրենսդրական «բացը» չի խոչընդոտել անձի այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը , իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով չի խաթարվել օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական իրագործումը։

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանն էլ կարծիք է արտահայտել, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով օրենսդրական ենթադրյալ բաց գոյություն չուներ։ Ըստ Թոխյանի՝ այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ, քանի որ խնդրի լուծումն ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է։ Թոխյանը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ Բարձր դատարանն այս գործով կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերվեր որոշակի շտապողականություն՝ բարդ և հանրային հնչեղություն ունեցող խնդրի հետ կապված։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը արձանագրեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին առաջին ատյանի դատարանին՝ ՍԴ որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել  երկրորդ նախագահին։ Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։

ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանի և Արմեն Դիլանյանի ներկայացրած հատուկ կարծիքներին ամբողջությամբ կարող եք ծանոթացալ այստեղ ՝ սկսած 24-րդ էջից:

Նույն շարքից