Դաղստան տեղափոխված չեչեն երեք կանայք` Ասեթ Էլբազուրովան, Զարեմա Լորսանովան և Յախմատ Միթիշևան, ներողություն են խնդրել հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովից՝ բնակարան ուզելու համար: Այս մասին հաղորդել է Գրոզնի հեռուստաալիքը:
Պարզվել է, որ իրականում կանայք բնակարանի անհրաժեշտություն չեն ունեցել։ Դիմողներից գրեթե բոլորը Չեչնիայում ունեն ընտանիքներ, որոնք լքել են 20 տարի առաջ Դաղստան տեղափոխվելուց հետո։
Ավելի ուշ ոչ միայն կանայք, այլև` նրանց ընտանիքի անդամները, կանչվել են կառավարություն զրույցի: Պաշտոնյաները քննադատել են հարազատներին այն բանի համար, որ վերջիններս չեչեն կանանց չեն վերադարձրել տուն։
«Մենք չպետք է վազենք նրանց հետևից: Նրանք ձեր կանայք են: Դուք պետք է որոշեք դա: Ե՞րբ է եղել այնպես, որ չեչենները չհետևեն իրենց կանանց: Սա խայտառակություն է»,- ասել է Չեչնիայի կառավարության նախագահի առաջին տեղակալ Իսա Թումխաջիևը:
Իր հերթին հարազատներն ասել են, որ բազմիցս փորձել են կանանց վերադարձնել հայրենիք, բայց` անօգուտ:
Ընտանիքի անդամները պաշտոնյաներին խոստացել են, որ այլևս թույլ չեն տա, որ կանայք «մուրացկանություն» անեն: