Հասարակություն Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կրկին չի կայանա. կարևոր հարցեր չկան, հայ-ամերիկյան օրակարգն էլ այդքան հարուստ չէ. Սուրեն Սարգսյան

analitik.am

Կարծում եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի ընթացքում նախագահ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կրկին չի կայանա. կարևոր հարցեր չկան, հայ-ամերիկյան օրակարգն էլ այդքան հարուստ չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն Սարգսյանը: Նրա կարծիքով՝ Թրամփի հետ հանդիպում կազմակերպելն ընդհանրապես բարդ է, առավել բարդ է ՄԱԿ-ի ասամբլեայի նստաշրջանի զբաղված օրակարգի շրջանակում, երբ 100-ավոր պետությունների ղեկավարներ գալիս են ԱՄՆ:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն նախագահն այս շրջանակում հանդիպումներ է ունենում ըստ առաջնահերթությունների: «ԱՄՆ-ն բավարարվում է ավելի ցածր մակարդակի շփումներով, օրինակ, պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ կամ այդ մակարդակի պաշտոնյաների հետ: Չմոռանանք, որ Հայաստանը Միացյալ Նահանգների 170-րդ առևտրային գործընկերն է 193 երկրների շարքում: Սա կարևոր ցուցանիշ է, մանավանդ, եթե հաշվի ենք առնում, որ Թրամփը բիզնես մտածելակերպ ունեցող գործիչ է»,- նշեց Սուրեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսի Գրանդ պարկում հանդիպում է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում ելույթ է ունենալու:

- Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ ակնկալիքներ կան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցից, հանդիպումներից:

- Նախ վարչապետի այցը Միացյալ Նահանգներ է, բայց փաստացի նա ԱՄՆ կառավարության հետ հանդիպում չի ունենում, երկկողմ հանդիպումներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված չեն: Վարչապետը լինելու է Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ելույթ է ունենալու, հանդիպումներ է ունենալու մի շարք պետությունների իր գործընկերների հետ, ինչպես նաև Նյու Յորքի հայ համայնքի հետ կհանդիպի, որին ներկա կլինեն նաև Նյու Ջերսիի հայ համայնքի անդամները: Դրանից առաջ էլ վարչապետը Կալիֆոռնիայում հայ համայնքի հետ է հանդիպում ունենալու, 30-40 հազար մարդ է ներկա լինելու: Նա նաև հանդիպելու է Լոս Անջելեսի քաղաքապետին: Մի շարք կոնգրեսականների հետ հանդիպումներ ևս կլինեն, կարծում եմ, կոնգրեսականները նաև կգան այդ մեծ միջոցառմանը մասնակցելու: Մոտավորապես այսպիսին է վարչապետի գրաֆիկը: ԱՄՆ-Հայաստան երկկողմ օրակարգի վերաբերյալ ես այս պահին տեղեկություններ չունեմ՝ ոչ արտգործնախարարի հանդիպումների գրաֆիկի մասով, ոչ էլ՝ վարչապետի, բայց չեմ կարծում, որ նման հանդիպումներ նախատեսված են:

- Տեղեկություն էր շրջանառվում, որ ԱՄՆ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, բայց կարծում եք, որ չի՞ կայանա այդ հանդիպումը, ինչպես նախորդ տարի ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում տեղի չունեցավ:

- Այո, կարծում եմ՝ չի կայանա, որովհետև ընդհանրապես բարդ է Թրամփի հետ հանդիպում կազմակերպելը՝ այն էլ ՄԱԿ-ի զբաղված օրակարգը հաշվի առնելով: Աշխարհի 100-ավոր պետությունների ղեկավարներ գալիս են, և ըստ առաջնահերթությունների Միացյալ Նահանգների նախագահը հանդիպումներ է ունենում: Օրինակ, անցյալ տարի երբ վարչապետը կրկին Նյու Յորքում էր, նորից տեղեկություններ եղան, որ հայկական կողմը ցանկություն է հայտնել հանդիպել Թրամփին, բայց հանդիպումը տեղի չունեցավ, որովհետև նախագահ Թրամփն ավելի կարևոր հանդիպումներ ուներ իր գրաֆիկում՝ Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի առաջնորդների հետ: Այդ առումով շատ բարդ է այս օրերին հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահի հետ:

- Իրանի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների մակարդակը կարո՞ղ է պատճառ հանդիսանալ, որ ԱՄՆ նախագահը ցանկություն չունի հանդիպելու, թե՞ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի գրեթե բացակայությունն է պատճառը:

- Չեմ կարծում, թե հանդիպման ցանկություն չունի Միացյալ Նահանգների իշխանությունը, դա այդպես չէ: Եթե լինեն կարևոր օրակարգային հարցեր կամ խնդիրներ երկու պետությունների միջև, այդ ժամանակ ԱՄՆ բարձրագույն ղեկավարությունը կհանդիպի և կքննարկի այդ հարցերը: Բայց քանի որ կարևոր հարցեր չկան, հայ-ամերիկյան օրակարգը այդքան էլ հարուստ չէ, ԱՄՆ-ն բավարարվում է ավելի ցածր մակարդակի շփումներով, օրինակ, պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ կամ այդ մակարդակի պաշտոնյաների հետ: Իսկ եթե օրակարգը մեծ լինի, Հայաստանն էլ կարևոր պետություն դառնա ԱՄՆ-ի համար, այդ դեպքում բարձր մակարդակի հանդիպումներ կլինեն: Չմոռանանք, որ Հայաստանը Միացյալ Նահանգների 170-րդ առևտրային գործընկերն է 193 երկրների շարքում: Սա կարևոր ցուցանիշ է, մանավանդ, եթե հաշվի ենք առնում, որ Թրամփը բիզնես մտածելակերպ ունեցող գործիչ է:

- Հայաստանի իշխանություններից ի՞նչ է կախված հայ-ամերիկյան օրակարգի մեծացման համար: Ի՞նչ կարող են առաջարկել ՀՀ իշխանություններն ԱՄՆ իշխանություններին, որ ավելի հետաքրքրությունը մեծանա Հայաստանի նկատմամբ:

- Առաջարկելու բաներ կան, բայց դրանք ծանրակշիռ չեն կարող լինել: Այստեղ կարևոր դեր կարող է խաղալ հայ համայնքի առկայությունը, մանավանդ նախընտրական փուլում, ինչը Հայաստանի իշխանությունները, կարծում եմ, կարող էին օգտագործել, բայց վստահ չեմ, որ այդ ուղղությամբ էֆեկտիվ աշխատանք տարվում է: Երկրորդ կարևոր ուղղությունը կարող էր լինել խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, լրացուցիչ խաղաղապահ ուղարկելը ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում: Սա, իհարկե, կբալանսավորեր Սիրիայում մեր ներգրավվածությունը: Կարող էր, իհարկե, լինել համագործակցություն նաև փախստականների հարցում, որովհետև Հայաստանը Սիրիայից փախստականների է ընդունել և դրա համար որևէ օգնություն, շոշափելի աջակցություն չի ստացել միջազգային կառույցներից: Ճիշտ է, նրանք էթնիկ հայեր են, բայց Թուրքիան էթնիկ թուրքերին ընդունել է իր տարածքում և շուրջ 4 մլրդ եվրոյի աջակցություն է ստացել միայն Եվրամիությունից, հիմա էլ շանտաժ է անում ԵՄ-ին՝ ասելով, որ փախստականներին ես այլևս չեմ ուզում պահել ինձ մոտ, կամ դուք տարբեր հարցերում պետք է գնաք փոխզիջումների: Սա կարող է նույնպես լրացուցիչ խթան հանդիսանալ:

- Վարչապետի` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ելույթից ի՞նչ սպասելիքներ կան: Ի՞նչ ուղերձներ պետք է հղի Նիկոլ Փաշինյանը:

- ՄԱԿ-ի ամբիոնը, հավանաբար, աշխարհի թիվ 1 քաղաքական ամբիոնն է, և չափազանց կարևոր է, որ վարչապետը ի լուր աշխարհի առաջին հերթին ներկայացնի Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որովհետև ներքաղաքական հարցերին նախորդ իր ելույթում արդեն անդրադարձել է՝ հեղափոխությանը, դրա հետևանքներին: Կարծում եմ՝ հիմա ժամանակն է, որպեսզի ներկայացնի Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումները, եթե ինչ-որ բաներ կան, որ կարելի է ներկայացնել, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը և անվտանգության սպառնալիքները: Սրանք են այն հիմնական շեշտադրումները, որ վարչապետն իր ելույթում պետք է անի:

- Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում հայ համայնքի հետ հանդիպմանը: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ հանդիպումից հետո ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները մեծածավալ ներդրումներ կատարեն ՀՀ-ում:

- Կարծում եմ, վարչապետը հայ համայնքի հետ հանդիպումներում իր ելույթներում մի քանի կարևոր մեսիջ պետք է տա: Վստահ եմ՝ հայրենադարձության մասին է խոսելու, այսինքն՝ կոչ է անելու վերադառնալ հայրենիք և ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել Հայաստանում, նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանն ու անվտանգության ապահովմանը:

- Միայն կոչերով հնարավո՞ր է ներդրումները ներգրավել:

- Բնականաբար, ոչ: Պետք է բարենպաստ միջավայր ձևավորվի Հայաստանում ներդրումների համար, և եթե նպաստավոր միջավայր լինի, օտարերկրյա ներդրումները շատ ավելի արագ տեմպերով կգան, և շատ շոշափելի արդյունքներ կգրանցվեն:

Նույն շարքից