Հասարակություն Պատահարներ 

Զինծառայության ընթացքում հիվանդացած նախկին սակրավորը Էջմիածնում հրկիզել է իրեն հատկացված բնակարանը

analitik.am

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Մարատ Շ.-ի գործի դատական քննությունը:

36-ամյա Մարատ Շ.-ին մեղադրանք էր առաջադրվել հրկիզման եղանակով խոշոր չափերի գույքի վնասման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները:

Մարատ Շ.-ն երկար տարիներ ծառայել է ինժեներասակրավորային զորամասում՝ որպես սակրավոր: Շուրջ երեք տարի առաջ նրան հաշմանդամության կարգ է տրվել՝ ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդության պատճառով: Մարատ Շ.-ն ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի:

2017 թվականից մինչև 2018 թվականի գարնան վերջը Մարատ Շ.-ն ստացել է հաշմանդամության թոշակ՝ 37 հազար 240 դրամի չափով: Նա բնակվել է Էջմիածնում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրեն՝ որպես մանկատան սանի, անհատույց օգտագործման իրավունքով հատկացված բնակարանում:

2018 թվականի գարնան վերջից հաշմանդամության թոշակը Մարատ Շ.-ին անհասկանալի պատճառով այլևս չեն վճարել: Մարատ Շ.-ն դիմել է պետական տարբեր ատյանների, բայց նրա բարձրացրած խնդիրները չեն լուծվել:

Ըստ դատական ակտի՝ հաշմանդամության թոշակը ստանալու հետ կապված իր կողմից բարձրացված խնդիրները լուծելու, «պետության ուշադրությունն իր խնդիրների վրա կենտրոնացնելու նպատակով» Մարատ Շ.-ն 2018 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում դիտավորյալ հրկիզել է այն բնակարանը, որտեղ ապրում էր՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուրը՝ 1 միլիոն 116 հազար դրամի գույքային վնաս:

Առաջադրված մեղադրանքում Մարատ Շ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, թե ծառայել է ինժեներասակրավորային զորամասում, եղել է սակրավոր: Մոտ երեք տարի առաջ իրեն հեռացրել են ծառայությունից՝ ճանաչելով ծառայության համար ոչ պիտանի, նշելով, թե ծառայության ընթացքում ձեռք է բերել հիվանդություն: Սակայն Մարատ Շ.-ի կարծիքով՝ ինքը իրականում հիվանդ չէ, ուղղակի «էմոցիոնալ է՝ ո՛չ ավելին»:

Մարատ Շ.-ն հայտնել է, որ 2017 թվականից ինքը հաշմանդամության թոշակ է ստացել, բայց 2018 թվականի գարնան վերջից այլևս թոշակ չեն տվել:

Ինքը դիմել է ԲՍՓՀ հանձնաժողովին, այնտեղից իրեն ուղարկել են «Արտիմեդ» հիվանդանոց, այնտեղից էլ ուղարկել են Նորք-Մարաշ: Նման վերաբերմունքից ինքը շատ է զայրացել՝ իրեն գնդակի պես այսուայն կողմ են ուղարկել, հստակ պատասխան չեն տվել: Թոշակը կտրել են, իսկ ինքն ապրում էր թոշակով:

2018 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում ինքը խիստ զայրացած լինելով իր չլուծվող խնդիրների պատճառով՝ իր տան հյուրասենյակում կողաշրջել է սեղանը, խոհանոցից բերել է սեղանը մաքրելու շորի կտորը, դրել է կողաշրջված սեղանի վրա և լուցկիով այրել է: Կրակը սկսել է տարածվել:

Ինքը դուրս է եկել տանից ու առանց դուռը կողպելու՝ միայն ծածկելով այն, գնացել ու զբոսնել է քաղաքում: Ժամը 21-ի սահմաններում ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և հայտնել է, որ ինքն է դիտավորյալ այրել բնակարանը:

Ինքը խիստ զայրացած էր պետության անուշադրությունից, իր խնդիրների վրա պետական ոչ մի մարմին ուշադրություն չէր դարձնում:

Եվ ինքն այրել է բնակարանը, որպեսզի հասկանան, թե ինչ է նշանակում սոված երեխա պահել: Քանի որ բնակարանն իրեն հատկացրել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինքը զայրացած այրել է այն, որպեսզի… պետությունն իր վրա ուշադրություն դարձնի: Ինքը չի ցանկացել վնաս պատճառել հարևանությամբ ապրող մարդկանց:

Դատարանը հաշվի է առել, որ Մարատ Շ.-ն մանկատան սան է եղել, զղջացել է կատարածի համար, վատառողջ է, նրա խնամքին է ինը տարեկան երեխան…

Մարատ Շ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Մարատ Շ.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և նա ազատվել է պատժի կրումից:

Տուժողի ներկայացուցչի կողմից քաղաքացիական հայց չի ներկայացվել, դատարանն այդ հարցը համարել է լուծված:

Աղբյուրը՝ 1in.am

Նույն շարքից