Քաղաքականություն Հասարակություն 

Պոպուլիստ Փաշինյանը որևէ հարցում որևէ լուծման չի կարող գնալ ․ Ա․ Թևանյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հայտարարությունը ցույց տվեց, որ, ըստ էության, այս փուլում սառեցված գործընթաց է Արցախի ֆրոնտում, և այն մարդիկ, ովքեր ստվերային ներգրավված են եղել գործընթացի մեջ, մասնավորպես հենց ինքը` Մեյթյու Բրայզան, ստիպված են բացել փակագծերը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով Մեթյու Բրայզայի հայտարարությանը:

Նշենք, որ Մեյթյու Բրայզան Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցին, մասնավորպես, պատասխանել էր. «Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ: Բաքուն շա՜տ է ուզում առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած` արդյոք վարչապետ Փաշինյանը կկարողանա՞ արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի, կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»։

Անդրանիկ Թևանյանն առավել մանրամասն պարզաբանեց, թե ինչ պետք է տեղի ունենա և ինչու դա տեղի չի ունենում: «Փաստացի Բրայզան ակնարկում է, որ Փաշինյանն «այո» է ասել Բոլթոնի պլանին և «այո» է ասել արցախյան  խնդրի տխրահռչակ փուլային լուծման տարբերակին կամ դրանից ավելի լավ  տարբերակին, ուղղակի հետ է քաշվել ինչ-ինչ պատճառներով և, ենթադրվում է, ՀՀ-ի կողմից հայտարարվել է, որ  կան ճնշումներ և այդ ճնշումների ներքո ինքը չի կարող գնալ  լուծումների: Բայց ես կարծում եմ` խնդիրն այն է, որ պոպուլիստ Փաշինյանը որևէ հարցում որևէ լուծման չի կարող գնալ և չի ուզում գնալ, որովհետև իր համար ավելի շատ խնդիրն իշխանական է, և ինքը  հասկացել է, որ եթե Արցախի  խնդրում գնա կոշտ և անցանկալի լուծումների, ապա կկորցնի աթոռը»,- ասաց նա:

Քաղաքագետը շարունակեց, որ Մեթյու  Բրայզայի և այլ քայլերի տեսքով արևմտյան շրջանակները, որոնք ՀՀ-ի հետ աշխատում են Արևմուտքի  տարածաշրջանային օպերատոր հանդիսացող Թուրքիայի հետ համատեղ, ցույց են  տալիս իրենց  հիասթափությունը Փաշինյանից:

«Իրենք կարծում էին, որ թավշյա հեղափոխությունը թեև հայտարարված էր, որ արտաքին քաղաքական  գծի փոփոխություն չի անելու, այդուհանդերձ մտածում էին, որ արտաքին կուրսի փոփոխություն պետք է լինի: «Իրենք ակնկալում էին, որ Փաշինյանը պետք է անի հետևյալ  գործողությունները՝ առաջինն Արցախի հարցում գնա արագ և հայաստանյան կողմի համար ցավոտ լուծումների, որի արդյունքում հնարավոր կլինի հետագայում թուլացնել ռուսական ազդեցությունը մեր տարածաշրջանում, երկրորդը՝ ՀՀ-ն պետք է  մտներ հակառուսական և հակաիրանական խաղի մեջ, երրորդը՝ ռուսական ռազմաբազաների դուրս մղման հարցը պետք է բարձրացվեր Հայստանում Փաշինյանի  կողմից, ինչպես Վրաստանում եղավ և չորրորդը՝ Հայաստանը պետք է Փաշինյանը դարձներ պլացդարմ թավշյա հեղափոխությունների արտահանման համար»,- ասաց նա:

Թևանյանի խոսքով՝ այս չորս ուղղություններով էլ  Փաշինյանը որոշակի գործողություններ արել է, բայց հետո հետ է  քաշվել և փորձել է Կրեմլին սիրաշահել՝ Սիրիա  գործուղելով զորախումբ և այլ քայլեր կատարելով: «Բայց, արդյունքում, ինքը դարձել է անցակալի  և՛ Մոսկվայի, և՛ Վաշինգտոնի համար: Մոսկվայի  համար անցանկալի, որովհետև, այսպես ասած,  նախագահների ակումբի անդամ Քոչարյանի դեմ է քայլեր ձեռնարկել քաղաքական առումով, ինչը նշանակում է դասակարգային հակասություններ Մոսկվայի և Երևանի միջև, ինչպես նաև Սիրիա զորախումբ է ուղարկել, որով նյարդայնացրել է Վաշինգտոնին»,- ասաց նա:

Անդրանիկ Թևանյանի գնահատմամբ՝ հիմա արևմտյան շրջանակները փորձում են, այսպես ասած, գունավոր հեղափոխություն իրակացնել Հայաստանում և առիթն Ամուլսարն է: «Բայց, իրականում, Հայաստանն  աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտցնելու խնդիրն է, և այս առումով Մեթյու Բրայզայի  հայտարարություններն ուղղակիորեն հարվածում են Փաշինյանին, թուլացնում են, որպեսզի տարբեր շրջանակներ տեսնեն, թե ինչ է իրենից  ներկայացրել Փաշինյանն իր վարչապետության սկզբնական  փուլում և ինչպես է խաբել Հայաստանի Հանրապետությանը: Մեծ հաշվով կարելի է ասել` և՛ ներսի, և՛ դրսի բոլոր լուրջ շրջանակնների կողմից Փաշինյանը դուրս է գրվել որպես քաղաքական գործիչ և որպես վարչապետ, ուղղակի  խնդիրն այն է, թե որ մոդելով ինքը կհեռացվի»,- ասաց նա և նկատեց, որ եթե հեռացվի գունավոր հեղափոխության  տարբերակով, դա նշանակում է, որ Հայստանը և Արցախը հայտնվելու են կատակլիզմների մեջ:

«Եվ բառի բուն իմաստով պետականության հարց է առաջնալու, լինել-չլինելու, եթե հեռացվի հայաստանակենտրոն ուժերի՝ այդ թվում իշխանության ներսի առողջ շրջանակների համատեղ ջանքերով, ապա մենք դուրս կգան այս թավշյա ծուղակից, որի մեջ գցել է Հայաստանին Փաշինյանը»,- ասաց նա:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից