Բարի օր Հասարակություն 

Ի վերջո, ինչու՞ է արջը հարձակվել զբոսաշրջիկի վրա

analitik.am

Լրագրող Նարինե Կիրակոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս գրառումը կուզենայի, որ կիսվեիք տարբեր գյուղական, մարզային, տուրիստական, լեռնագնացային և որսորդական խմբերում։

Արագածի լանջի Քարի լճի մոտ երեկ պատահած ողբերգության մասին է և այն քայլերի, որ պետք է արվեն նման դեպքերը բացառելու համար։ Ըստ նախնական վարկածի, երեկ ցերեկը, ժամը երկուսի մոտակայքում լեհ զբոսաշրջիկների վրա արջ է հարձակվել։ Զբոսաշրջիկներից մեկը մահացել է։ Մանրամասն տեղեկություններ արդեն լրատվությամբ հաղորդել ենք։

Ես կենդանու և մարդու բախման վարկածների և պատճառների մասին կներկայացնեմ։ Մի փոքրիկ հետաքննություն արեցի և խճճվեցի Արագածի բնակիչների, Քարի լճի մոտի սննդի կետի աշխատակիցների և այլ մարդկանց հետ զրույցի արդյունքում։ Ըստ լրատվության, արջն ագրեսիա է դրսևորել, դեպքից հետո դեռ երկար մռնչացել է, կամ ձայներ հանել։ Ստույգ բառերով չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ են մարդիկ լսել իրականում։

Սակայն իմ տեղեկություններով, արջը բարձր ձայներ, ոչ դեպքից առաջ, ոչ հետո չի հանել։ Ավելին, այս գիշեր այդ արջը նորից շրջել է Քարի լճի մոտի Օդերևութաբանական կայանի և ռեստորանի մոտակայքում։

Այդտեղ մի մեծ աղբատեղի կա, որը արջի քիմքին արդեն տևական ժամանակ դուր է եկել։ Գալիս, գնում, սնվում է։ Ես նաև խոսեցի արջագետ (արջի մասնագետին մամմոլոգ են ասում) Մամիկոն Ղասաբյանի հետ, որը արջի և մարդու բախման պատճառների մի քանի վարկած թվարկեց։ Դրանք բոլորը նշելու կարիքը չկա, երկար և նեղ մասնագիտական են, բայց մի բան հստակ է, որ արջի պահվածքին պետք է հետևել, և դա պետք է մի՜միայն մասնագետներն անեն՝ հատուկ անվտանգության կանոնները պահելով։

‼️Առաջարկում եմ, որ քնչական մարմինները դիմեն Շրջակա միջավայրի նախարարություն, կարմիրգրքյան կենդանու պահվածքը ուսումնասիրելու համար խումբ ստեղծել, որտեղ կներգրավվեն կենդանաբաններ, գիշատիչների գծով զբաղվող և, իհարկե արջաբաններ։

‼️ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային տեսուչներն էլ լավ կլինի բացատրական աշխատանքներ տանեն մարզպետների, գյուղապետների հետ, խնդրելով զբոսաշրջիկներ ուղիներում զգուշացնող ցուցանակներ տեղադրել, որտեղ կնշվի, թե ի՞նչ կենդանու հետ կարող են հանդիպել, կամ ի՞նչ վտանգներից զգույշ լինեն։ Նման ցուցանակներ բոլոր երկրներում կան, բայց Հայաստանում, չգիտես ինչու, չունենք։ Մի մեծ ծախս էլ դա չի պահանջի։

‼️ Այս դեպքն ականջի հետև գցելու բան չէ․ գիշատիչների պահվածքում և հատկապես արջերի մոտ տարօրինակ անզգուշություն է դիտվում։ Մասնավոր զրույցներում բնակիչներից լսել եմ․ արջեր կան, որ մարդուն շատ մոտ են գալիս, չեն վախենում բարձր ձայներից, սուր հոտերից (բենզին, դիզվառելիք և այլ ոչ բնական հոտերից) չեն փախնում։

‼️Արջի հավանական հարձակման պատճառները հասկանալու համար ոսումնասիրություններում պետք է ներգրավվեն ոչ միայն գիտության ազգային ակադեմիայի մասնագետները, գործնական փորձ ունեցող մասնագետներ Մանուկ Մանուկյանը, Հրաչ Ղազարյանը և այլ, նաև Բնության համաշխարհային հիմնադրամը WWF Armenia Կարեն Մանվելյանը, քանի որ նրանք տիրապետում են արդի մեթոդներին, ունեն պետք եկած գործիքները, ռեսուրսները։

‼️ Պարզ է, որ մարդը ներխուժել է կենդանու տարածք։ Արագածի դեպքում, պարզ է, որ մարդն այս վերջին տարիներին համը հանել է։ Լեռը ամենաշատ այցելություններն ունի մեր երկրի այլ վայրերից։ Եվ տարի առ տարի ավելանում են զբոսաշրջիկների թիվը, որոնք հենց Արագած են ցանկանում այցելել, խփում են վրաններ հենց Քարի լճին և լեռան այլ մասերում, խաթարելով կենդանիների անդորրը։

Դրան գումարած աղբի կուտակումները, որոնք հավելյալ սննդի կետեր են դառնում գիշատիչների համար։ Եվ եթե չուսումնասիրել, թե ինչն է պատճառը, որ նման ողբերգություն է տեղի ունեցել, չպարզել արջի վարքը, ապա շատ հավանական է, որ նորից լսենք արջի հետ բախման մասին»։

Նույն շարքից