Հասարակություն գլխավոր 

Օրենքն ընդունվեց. Խախտում անող վարորդներին պատժելու հնարավորությունները մեծանում են

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորներ Արմեն Փամբուխչյանի և Սիսակ Գաբրիելյանի հեղինակած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,  «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական  փաթեթը:

Քվեարկությունից առաջ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում գործում է մոտ 2000 տեսախցիկ, իսկ օրենքն ընդունելուց հետո տեսախցիկների թիվը կարող է դառնալ 502 հազար. «Հաշվի առնելով ճանապարհների ոչ բարվոք վիճակը, քաղաքացիների ծանր սոցիալական վիճակը` մենք դեմ ենք քվեարկելու: Լկտիության և իրավախախտումների դեմ պայքարը չպետք է ենթադրի, որ ՀՀ քաղաքացիները ևս պետք է գտնվեն այդ տուգանքների բեռի տակ»:

Իմ քայլից Վիկտոր Ենգիբարյանն իր հերթին նշեց, որ օրինագիծն ունի կանխարգելիչ նշանակություն, այն նպատակ չունի ծանրացնել քաղաքացիների բեռը: Ենգիբարյանը խոսեց նաև ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանի հայտարարության մասին, որ օրենքը բարոյականությունից զուրկ է: Իմքայլականը հույս հայտնեց, որ ԲՀԿ-ականը կփոխի իր դիրքորոշումը:

Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, թե վիճակագրություն չկա այն մասին, որ վթարները պայմանավորված են ճանապարհների վիճակով. «Իմ քայլը խմբակցությունը չափազանց կարևորում է այս նախագիծը: Մենք նաև կանենք հնարավորը, որ մինչ երկրորդ ընթերցումն օրենքն ավելի կատարյալ լինի»:

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտնեց, որ ԼՀ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին` կարևորելով հասարակություն-պետություն համագործակցությունը. «Բայց քանի որ մենք մտահոգություններ ունենք կապված անձի կյանքի անձեռնմխելիության հետ, առաջարկներ կանենք: Խնդրում ենք նախագծի հեղինակին աշխատել մեզ հետ»:

Օրենքն ընդունվեց ձայների 89 կողմ, 21 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Դեմ քվեարկեց միայն ԲՀ խմբակցությունը:

Նախագծով առաջարկվում է «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»  օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ պարբերությամբ. «Սույն օրենքո վենկարգավորվում նաև ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսներով տեսանկարահանված կամ լուսանկարահանված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական վարույթների առանձնահատկությունները»:

Նախատեսվում է, որ ֆիզիկական անձանց բջջային հեռախոսներով ամրագրված իրավախախտումներով վարչական մարմինը վարչական վարույթ իրականացնելու է, եթե ֆիզիկական անձի կողմից իրավախախտումն ամրագրվել է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգչային ծրագրի օգտագործմամբ, որը հնարավորություն պետք է տա նույնականացնել իրավախախտումն ամրագրած ֆիզիկական անձին, իրավախախտման գործիք հանդիսացող մեխանիկական տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, ինչպես նաև պարզել իրավախախտումն ամրագրելու վայրն ու ժամանակը:   Վարչական վարույթ կիրականացվի, եթե իրավախախտում ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը վարչական մարմնին ուղարկվել է համացանցային ուղիղ, օնլայն ռեժիմով այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակին՝ որպես իրավախախտման մասին էլեկտրոնային հաղորդում:

Սիսակ Գաբրիելյանը պարզաբանել էր, որ խախտումներն  արձանագրող և տեսանյութերն ուղարկող  քաղաքացիները  չեն վարձատրվելու և չեն ներկայացնելու իրենց տվյալները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից