Հասարակություն 

Հայաստանում միջինում ՃՏՊ-ից մահանում է 340 մարդ

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար 2020 թվականին ուժի մեջ է մտնելու տուգանքների բալային համակարգ: Ոլորտի պատասխանատուները ՀՀ ճանապարհների վերաբերյալ տեղեկացնում են, որ ոչ միայն տարեցտարի ավելանում են զոհերի ու վիրավորների թիվը, նաև տարեկան ապրիլյան պատերազմից երեք անգամ ավելի շատ մարդ է զոհվում:

Ի՞նչ է իրենից ներկայացնում տուգանքների բալային միավոր հասկացությունը. այն նախատեսված է 20 իրավախախտման համար, ընտրվել են այն դեպքերը, որի ժամանակ մահվան ելքերն առավել շատ են գրանցվում. կարմիր լույսի տալ վարելը, հանդիպակաց գոտի դուրս գալը, ոչ սթափ վիճակում երթևեկելը, արագության գերազանցումը:

Նշենք, որ Հայաստանում 2018 թվականին գրանցվել է 4111 ճանապարհատրանսպորտային պատահար, որից զոհվել է 343 մարդ, իսկ 5 950 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բացի այդ, 2017 թվականի համեմատ աճել է պատահարների թիվը, շուրջ 17 տոկոս:

2018 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 1711 ՃՏՊ, 2019 թվականի առաջին կիսամյակում՝ 2108, համապատասխանաբար զոհվել է 139 քաղաքացի,  152 քաղաքացի, տուժել 2516 և 2996 քաղաքացի։

2018 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը տեղի է ունեցել բախման, հետիոտնի վրաերթի, խոչընդոտի վրաերթի, շրջման հետևանքով և ահա այս դեպքերն էլ դարձել են երթևեկության կանոնների շրջանակներում տուգանքների բալային համակարգի ներդրման անհրաժեշտության հիմք:

Նշենք, որ դեռևս մայիս ամսին կառավարությունը  հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքին: Ըստ այդմ՝ հստակեցվում են ճանապարհային խախտումների արդյունքում բալային միավորների հանման մեխանիզմները: Այս նախագծով խստացվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում պատիժը: Առաջարկվում է ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքը նվազեցնել. օրինակ՝ 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50 %-ով, 10-ը՝ 50 %-ով, ևս 9-ը՝ 50 %-ից նվազ չափով:

Վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով վարորդին տրվելու է 9 միավոր: Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորը սպառվի, նա 6 ամսով զրկվելու է վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է, և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։

Իր միավորների մասին խախտում կատարած անձն իրազեկվելու է:

Հավելենք, որ վարորդներ կան, ովքեր դժգոհ են բալային համակարգից ներդրումից: Վերջիններս իրենց դժգոհութունը բացատրում են ցուցանակների և ճանապարհային նշանների բացակայությամբ: Սակայն փաստ է, որ վարորդների զգալի մասը ցուցանակների, ճանապարհային նշանների առկայության դեպքում էլ մեքենան վարում են ոչ ճանապարհային կանոնների համաձայն: Ասվածի ապացույցն այս տարվա վթարների դեպքերն են`մեծաքանակ զոհերով ու վիրավորներով։

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից