Մենք այսօր բոլորս միասին ամենաբարի գործն արեցինք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագծին:
Անկեղծ ասած` հուզված եմ:
Այս տարիների ընթացքում ես տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ եմ ներկայացրել, շատ կարևոր, շատ անհրաժեշտ, սակայն առաջին անգամ էր, որ սրտատրոփ նայում էի քվեարկության լուսատախտակին:
Այս նախագիծը ես համարում եմ խորհրդարանի կողմից երբևէ ընդունած ամենակարևոր օրենքներից մեկը:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս օրենքի ընդունմանը: Ապրեք բոլորդ: Ու վստահ եղեք, որ եթե անգամ մարդիկ երբևէ մոռանան ձեր արած որևէ բարի գործ, կենդանիները բարին երբեք չեն մոռանում»,-գրել է պատգամավորը: