Հասարակություն 

Հեսա կասեն, որ պուճուր աղջիկս` Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ է մտել. Փաշինյանը ներողություն է սպասում բնապահպաններից

analitik.am

Ես շահագրգռված եմ եղել, որ Թեղուտը բացվի, քանի որ այն, անտեր մնալով, արդեն էկոլոգիական խնդիր էր: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Պետք է ամեն ինչ անել, որ լինի սուբյեկտ, որպեսզի կառավարությունը նրա առջև պահանջներ դնի: Բացի դրանից, մարդկանց խոսք էինք տվել, որ աշխատատեղերը վերականգնվելու են»:

Փաշինյանի խոսքերով, հիմա կա միջազգային փորձաքննություն. «Պատվարի անվտանգության մասով եզրահանգումներ են արվել: Եթե մեր բնապահպան գործընկերների ասածը ճիշտ լիներ, երբ Թեղուտի տարածքում 2-3 բալանոց երկրաշարժ եղավ, պատվարը պետք է քանդվեր: Հիմա որևէ մեկը ներողություն ասելո՞ւ է: Հիմա ամեն ինչ կասեն, բացի ներողությունին: Հեսա կասեն, որ պուճուր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ է մտել: Ամենավերջին լկտի ստերը կասեն, բայց չեն ասի, որ սխալվել են»:

Ինչ վերաբերում է Ամուլսարին, Փաշինյանը հայտարարեց, որ այդ հարցում գնալու են ճշմարտության ետևից. «Որտեղ տանի ճանապարհը, այդպիսի որոշում էլ կկայացնենք: Եթե օրինական հիմքեր լինեն, մենք կփակենք այն:

Հիմա ասում են, թե կառավարությունը թույլտվություն է տվել, սակայն մենք չենք տվել այդ թույլտվությունը, դա տրվել է մեզանից առաջ: Մենք պետք է պատասխանենք հարցին՝ արդյո՞ք հիմք կա այդ թույլտվությունը չեղյալ համարելու, թե՝ ոչ»:

 

Նույն շարքից