Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետ դառնալուց հետո պետք է մարդկանց չբարևե՞մ. Փաշինյանը` Սասնա ծռերի հետ հանդիպման մասին

analitik.am

«Սասնա ծռերի» ղեկավարության հետ հանդիպմանը քաղաքական շատ մեծ կոնտեքստ հաղորդվեց: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով իր վերջին հանդիպման մասին:

Փաշինյանի խոսքերով, պետք է չմոռանալ, որ իրենք ընդդիմադիր դաշտում երկար ժամանակ գործել են իրար հետ. «Ճիշտ է` քաղաքական առումով մենք հեռացել ենք իրարից, դա եղել է հրապարակային: Սակայն մենք զուտ մարդկային շփումներ ունեցել ենք: Ես բանտում այցելել եմ նրանց: Հետո հանգամանքների բերումով տեղի է ունենում հեղափոխություն և ես դառնում եմ վարչապետ: Երբ մարդիկ ինձ դիմում են՝ չհանդիպե՞մ նրանց հետ, դա քաղաքական առումով միգուցե ճիշտ որոշում է, սակայն մարդկային առումով դա ճիշտ մոտեցում չէ: Եթե մարդկանց հետ ժամանակին կարող էինք խոսել, քննարկել տարբեր հարցեր, հիմա վարչապետի կարգավիճակ ստանալուց հետո այդ մարդկանց պետք է չբարևե՞մ: Ես դա չեմ ընդունում: Հիմա դա դարձրել են վերլուծությունների թեմա»:

Փաշինյանը նշեց, որ ինքն իր գործողություններում աշխատում է լինել մաքսիմալ պարզ, չմտնել ինտրիգների դաշտ. «Այնպես չէ, որ ես օրումեջ այդ մարդկանց հետ հանդիպում եմ»:

Վարչապետը հիշեցրեց, որ մասնավորապես Գարեգին Չուգասզյանի հետ հանդիպել է նաև այն ժամանակ, երբ վերջինս հացադուլի մեջ է եղել. «Պետք չէ ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել որևէ հանդիպում»:

Նույն շարքից