Հայաստան Քաղաքականություն 

Հայաստանի մասին Նիկոլ Փաշինյանի 100 կետերից 25-ը` կետ առ կետ

analitik.am

Հարգելի լրագրողներ,

ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Նախորդ մեր ասուլիսը, որ տեղի ունեցավ 2019 թ. մայիսի 8-ին, ես սկսեցի Նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակումով, և ես կարծում եմ, որ այդ ֆորմատը շատ կարևոր է՝ կառավարության կատարած աշխատանքները և նրա արդյունքները հանրությանը ներկայացնելու համար: Ես մտածում էի, որ սեպտեմբերին, եթե մենք ունենանք ևս 50 փաստ՝ հանրությանը ներկայացնելու, դա կլինի շատ լավ արդյունք, բայց այսօր կհրապարեմ ևս 100 փաստ: Եվ այսպես, 100 փաստ Նոր Հայաստանի մասին -2.

2019 թվականի 7 ամիսների տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի Հանրապետությունում ՀՆԱ իրական աճի ցուցանիշը կազմել է 6.8 տոկոս։ Արդյունաբերությունն աճել է 8.4 տոկոսով, շինարարությունը՝ 4.5 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 8.9 տոկոսով, ծառայությունները՝ 15.2 տոկոսով, միջին ամսական աշխատավարձը՝ 5.9 տոկոսով:

2019 թ. առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ՝ 25 տոկոսանոց աճ՝ այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ավելի ենք հավաքագրել 152 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր:

2018 թվականի մայիսից մինչեւ օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս): Իմիջիայլոց, ասեմ, որ այս փաստաթղթի պատրաստման ընթացքում այս թիվը 3 անգամ փոփոխություն է կրել, որովհետև սա մի աշխատանք է, որ ՊԵԿ-ն անընդհատ անում է, և այս թվերը դինամիկ փոխվում են: Իմիջիայլոց, որպեսզի ամբողջական լինի պատկերը, ասեմ, որ անցյալ տարվա սեպտեմբերի դրությամբ այս թիվը 32 հազար էր ավելացել, հետո հունվարին մենք որոշակի անկում ունեցանք, հետո փետրվարին դարձավ 52 հազար, հիմա՝ 64 հազար: Նկատի ունեմ որոշակի սեզոնայնության պատմականորեն անկումներ գրանցվում են: Այս պահի դրությամբ այս է թիվը:

Եթե 65 հազար 37 գրանցված աշխատատեղերը բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի, պատկերը հետևյալն է. մինչև 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչև 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 մլն դրամից ավելի եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627։ Ըստ այդմ, 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը լավ ցուցանիշ է:

Ըստ հաստատված տվյալների՝ այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչեւ այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է:

Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողները այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ: Սա հատուկ եմ ընդգծում, որպեսզի այն պնդումները, թե սա ընդամենը վիճակագրական ցուցանիշ է, պարզ լինի հանրությանը. այս մարդիկ կոնկրետ 6 միլիարդ դրամ հավելյալ հարկ են վճարել:

2019 թվականի հունվար-հունիս ամիսներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով կամ 9.6 տոկոսով:

2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 76.4 միլիոն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տրվել, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 38.5 տոկոսով։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 208.6 մլրդ դրամով, կամ 21.4 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն։

2019 թվականի հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե են գեներացվել 511 մլրդ դրամի հարկային մուտքեր։ Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ դրամի մուտքեր։ Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14 տոկոս կամ 64 միլիարդ դրամ: 1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած, հանրային որոշակի հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը 2019թ. առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, զգալիորեն ավելացրել է պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը: Մասնավորապես, «Ֆլեշ» ընկերությունը 2019-ի առաջին կիսամյակում, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ, վճարել է 2.8 մլրդ դրամով կամ 58 %-ով ավելի հարկ, «Յուքոմ» ընկերությունը վճարած հարկերի ծավալը գերազանցել է 1 մլրդ դրամով կամ 26 %-ով, «Նատալի Ֆարմ» ընկերությունը` 0.7 մլրդ դրամով կամ 37 %-ով, «Սպայկա» ընկերությունը` 1.4 մլրդ դրամով կամ 117 %-ով, «Սաս-Գրուպ» ընկերությունը` 0.9 մլրդ դրամով կամ 82 %-ով, «Մաքս Պետրոլ» ընկերությունը` 2.2 մլրդ դրամով կամ 122 %-ով, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 4.9 մլրդ դրամով կամ 20 %-ով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` 2.1 մլրդ դրամով կամ 10 %-ով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը` 1.3 մլրդ դրամով կամ 20%-ով:

2019 թ. հուլիսի դրությամբ Հայաստանի ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով: 2019 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում գրանցվել են 20 հազար 356 նոր տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 15 հազար 614 ԱՁ, 4 հազար 653 ՍՊԸ, 89 ՓԲԸ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում նոր գրանցված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ աճը կազմել է 14.4%:

«Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»: Որոշումը հիմնված է «Մուդիզ»-ի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի ընդլայնվող դիվերսիֆիկացումը, զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսական դիմադրողականությունը: «Մուդիզ»-ն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր: Հատկապես կարեւորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտությամբ ու զարգացմամբ եւ հանդիսանում է գիտելիքահեն տնտեսության ուժեղ հիմք:

2019 թ. առաջին 6 ամիսների ընթացքում մի շարք երկրներից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տպավորիչ աճ է արձանագրել: Մասնավորապես՝
- Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 59.5 տոկոսով,
- Չինաստանից ժամանածներինը՝ 53.5 տոկոսով,
- Նիդերլանդներից ժամանածներինը՝ 34.9 տոկոսով,
- Շվեյցարիայից ժամանածներինը՝ 30 տոկոսով,
- ԱՄԷ-ից ժամանածներինը՝ 29.7 տոկոսով,
- Հունաստանից ժամանածներինը՝ 29 տոկոսով,
- Իտալիայից ժամանածներինը՝ 24.4 տոկոսով,
- Մեծ Բրիտանիայից ժամանածներինը՝ 22.9 տոկոսով,
- Ճապոնիայից ժամանածներինը՝ 22.2 տոկոսով,
- Ռուսաստանից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
- Շվեդիայից ժամանածներինը՝ 19 տոկոսով,
- ԱՄՆ-ից ժամանածներինը՝ 15 տոկոսով,
- Ֆրանսիայից ժամանածներինը՝ 13 տոկոսով:
Ընդհանուր առմամբ 2019-ի առաջին կիսամյակում ունենք զբոսաշրջության 12.3 տոկոս աճ: Կենտրոնական բանկի հաշվարկներով՝ այս տարի, արդեն օգոստոսը ներառյալ, նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկները Հայաստանում ծախսել են ավելի քան 200 միլիոն դոլար ավելի գումար, քան նախորդ տարի, այսինքն՝ նախորդ տարվանը գումարած 200 միլիոն դոլար:

2019-ի հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների թվի հավելաճը կազմել է 60 տոկոս։ Մասնավորապես, եթե 2018 թ. հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորվել էր Հայաստան ժամանողների միայն 20 %-ը (շուրջ 140 հազար զբոսաշրջիկ), ապա 2019թ․ հունվար-հունիսին հյուրանոցային տնտեսություններում տեղավորված զբոսաշրջիկների մասնաբաժինը կազմել է շուրջ 29 %, այսինքն՝ ավելի քան 222 հազար զբոսաշրջիկ: Ըստ այդմ, կարող ենք արձանագրել, որ զբոսաշրջային ոլորտում առկա է նաեւ որոշակի որակական աճ, ինչն էլ բերում է հավելյալ արտարժութային մուտքերի։ Կացության կազմակերպմամբ զբաղվող տնտեսվարողների վճարած հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 38 %-ով, այսինքն՝ շուրջ 1 մլրդ դրամով: Զբոսաշրջային կազմակերպությունների վճարած հարկերը ավելացել են 53 տոկոսով կամ շուրջ 400 միլիոն դրամով։ Այս թվերը նույնպես կարևոր են, որպեսզի արձանագրենք, որ սա ընդամենը վիճակագրական տվյալ չէ, այլ կոնկրետ տնտեսական ցուցանիշ, որն արտահայտված է կոնկրետ դրամներով, կոնկրետ չափերով:

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է «2019թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցը», որի համաձայն՝ Հայաստանը 5 կետով առաջընթաց է արձանագրել և այժմ զբաղեցնում է 79-րդ տեղը, նախորդ՝ 84-ի փոխարեն:

2019 թվականի 7 ամիսների արդյունքներով հաջողվել է տարվա մեկնարկին նկատված արտահանման անկումը հաղթահարել եւ գրանցել 3 տոկոս արտահանման աճ։ Տարեսկզբի միտումները կապված էին Հայաստանի տնտեսության տրանսֆորմացիոն գործընթացների հետ։ Ընդ որում, հուլիսին արձանագրվել է արտահանման 19 տոկոս աճ։ Առաջին յոթ ամսվա կտրվածքով միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 40.9 տոկոսով եւ հանդիսացել արտահանման հիմնական քարշակող ուժը, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 34.4 տոկոսով: Էական աճ են արձանագրել ոսկերչական իրերի արտահանումը՝ 58 տոկոս, մրգային գինիների արտահանումը՝ 41 տոկոս, շոկոլադի արտահանումը՝ 35.1 տոկոս, թարմ ձկան արտահանումը՝ 23.6 տոկոս, տեղական արտադրության հագուստի արտահանումը՝ 17 տոկոս, բուսական ծագման չմշակված գյուղմթերքի արտահանումը՝ 15.6 տոկոս, կոնյակի, ռոմի, օղի, լիկյոր տողով արտահանումը՝ 12.3 տոկոս, ջրերի արտահանումը՝ 10 տոկոս։ Ընդհանուր առմամբ 7 ամիսների ընթացքում արտահանումն աճել է 42.5 մլն դոլարով։

2019 թ. առաջին 8 ամիսներին գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել են հետևյալ փոփոխությունները. ջերմոցային տնտեսությունների մակերեսն ավելացել է 48%-ով կամ 426.2 հեկտարով, կաթիլային համակարգերով ոռոգվող հողատարածքների մակերեսն ավելացել է 56%-ով կամ 1004 հեկտարով, հակակարկտային ցանցերով պաշտպանված հողատարածքների մակերեսը գրեթե կրկնապատկվել է՝ ավելանալով 94.5%-ով կամ 182.2 հեկտարով, սառնարանային տնտեսությունների հզորություններն ավելացել են 26%-ով կամ 15.1 հազար տոննայով:

Որպես այս միտումների կոնկրետ արտահայտություն՝ ուզում եմ արձանագրել հետևյալը, որ այս տարի նախորդ տարվա համեմատ, ջերմոցներում կամ ոչ ավանդական գյուղատնտեսական պայմաններում արտադրվող մի շարք ապրանքների արտահանման ցուցանիշների ահռելի աճ է արձանագրվել: Մասնավորապես, վարունգի արտահանման աճը կազմել է 174 տոկոս, սնկի արտահանման աճը՝ 202 տոկոս, ելակի արտահանման աճը՝ 184 տոկոս:

2019 թվականի հունվարից հուլիս ամիսների ընթացքում տրամադրված հիպոթեկային վարկերը կազմել են 84.5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիպոթեկային վարկերի ծավալը 90.5%-ով:

2019թ. հուլիսին 2018թ. հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքներն աճել են 17.1 տոկոսով: 2019թ. հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքներն աճել են 11.7 տոկոսով: Գործարքների աճը գրանցվել է մարզերի եւ ոչ թե՝ մայրաքաղաք Երեւանի հաշվին:

2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019-ի հունիսի դրությամբ վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2.1%-ով:

2019թ. օգոստոս ամսվա վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմել են շուրջ 2.3 մլրդ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով շուրջ 230 մլն ԱՄՆ դոլարով: Նշված ժամանակահատվածում աճն ապահովող գործոններից առանձնանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից շուրջ 351 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտարժույթի առքը, ինչը ներքին շուկայում արտարժույթի ավելցուկի արդյունք է։ Պահուստների ընթացիկ մակարդակը 2013 թվականից մինչ օրս երբեք ավելի բարձր չի եղել։

Իրականում, սակայն, այսօր մենք միջազգային պահուստների պատմականորեն ամենաբարձր մակարդակն ունենք, որովհետև 2013թ. ցուցանիշը կապված է եվրոբոնդերի թողարկման հետ, երբ մենք մեծ քանակությամբ արժույթ ենք բերել և մեր պահուստում արձանագրել ենք: Հիմա տրամաբանորեն, երբ մենք եվրոբոնդերի խմբաքանակը նոր թողարկումը կիրականացնենք, այդ պահից կունենանք Հայաստանի միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը նաև դե յուրե, իսկ այս պահին դե ֆակտո երբեք Հայաստանի միջազգային պահուստներն ավելին չեն եղել:

2018-2019թթ-ի ընթացքում հարկային վարչարարության բարելավման հետևանքով արդեն իսկ զգալի կրճատվում են ստվերային տնտեսության չափերը։ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը վերջինիս լավագույն մոտարկող գնահատականներից մեկն է, որը 2019թ. սպասվում է, որ կավելանա 1.3-1.5 տոկոսային կետով՝ հասնելով 22.3-22.5 տոկոսի: Նույնիսկ զտելով այս տարվա հարկերի հավաքագրման յուրահատուկ գործոնները (օրինակ, հարկային դրույքների փոփոխությունը, ավտոմեքենաների աննախադեպ ներմուծումը և նման գործոններ)՝ կարելի է պարզ ձևով մոտարկել, որ 2019թ. ընթացքում մենք կունենանք ՀՆԱ-ում ստվերային տնտեսության ավելի քան 3 տոկոսային կետով կրճատում։ Հենց սա է մեզ համար հնարավորություններ բացում վերադարձնել նախկին պարտքերը, ավելացնել կապիտալ ներդրումները և գնալ աշխատավարձերի ու թոշակների աստիճանական բարձրացման ճանապարհով։

Այստեղ ես ուզում եմ մի հավելյալ փաստի մասին էլ խոսել. Արժույթի միջազգային հիմնադրամը, երկար տարիներ Հայաստանի հետ աշխատելով կառավարությունում, ի վերջո, իր ռեկոմենդացիաներում գրել է, որ եթե Հայաստանի Հանրապետությունն, ասենք օրինակ, տարեկան 0.3 տոկոսով հարկեր/ՀՆԱ ցուցանիշն ավելացնի, դա կհամարվի չափազանց լավ արդյունք: Միայն 2019թ. մենք հարկեր/ՀՆԱ արդյունքը հարաբերակացությունն ավելացնում ենք 1.3-ից 1.5 տոկոսով, այսինքն՝ 4 անգամ ավելի բարձր տեմպերով:

Երկրում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում եւ, որ ամենակարեւորն է, այն քիչ տատանողական է: 2019 թ. հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։ Այդ ամենն ապահովվում է վերջին ժամանակաշրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահության շարունակական բարձրացումը, ինչը շատ կարեւոր է, որ արտահայտվում է նաեւ տնային տնտեսությունների նվազող գնաճային սպասումներում։
Համաձայն ԿԲ կողմից իրականացված հարցումների՝ ներկայում գրեթե բոլոր հարցվածները (95 տոկոսը) ակնկալում են, որ գների կայունությունը կպահպանվի նաեւ ապագայում (1-5 տարվա հորիզոնով), ինչը շատ կարեւոր է մակրոտնտեսական կայունության համար։ Սա նշանակում է, որ տնային տնտեսություններն ու կազմակերպությունները կարող են շատ ավելի լավ պլանավորել իրենց տնտեսական գործունեությունը եւ իրականացվող խնայողություններն ու ներդրումները։ Ազգային արժույթի նկատմամբ վստահության աճն իր արտացոլումն է գտել նաեւ դոլարիզացիայի մակարդակի շարունակական կրճատման մեջ, որը վերջին տարվա ընթացքում նվազել է 4 տոկոսային կետով՝ հուլիսին հասնելով 48.6 տոկոսի։

Սա նշանակում է, որ հայաստանցիների մեծամասնությունը՝ 51.4 տոկոսը, նախընտրում են իրենց ունեցած գումարը բանկերում պահել դրամով, ինչը նույնպես շատ կարեւոր է, քանի որ նվազեցնում է տնտեսվարողների արժութային ռիսկերը եւ նպաստում է ֆինանսական համակարգի կայունության լրացուցիչ բարելավմանը։

Ընդունվել է լայնամասշտաբ եւ մասնակցային քննարկումների արդյունքում ձեւավորված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքը, որի արդյունքում՝
- Շրջանառության հարկի շեմը 58.35 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 115 միլիոն դրամ, այսինքն՝ կրկին բարձրացվել է,
- մինչեւ 24 միլիոն դրամ տարեկան շրջանառություն ունեցող միկրոբիզնես համարվող ընկերություններն ազատվում են հարկերից, մի մասն արդեն ազատվել է, ովքեր անցում են կատարել ընտանեկան ձեռնարկատիրությունից, մյուս մասը 2020 թ. հունվարի 1-ից կազատվի,
- ֆիզիկական անձի դեպքում միեւնույն տարվա մեջ ձեռք բերված 2-րդ մեքենան վաճառելու դեպքում հաշվարկվող 20% եկամտային հարկի փոխարեն, սահմանվել է նոր կարգ՝ եթե ավտոմեքենան օտարվում է ձեռք բերելուց հետո 365 օրվա ընթացքում, հաշվարկվում է 1% եկամտային հարկ, բայց ոչ պակաս, քան 1 ձիաուժը 150 դրամ: Ձեռքբերման օրվանից 365 օր հետո օտարվելու դեպքում որևէ հարկ չի գանձվում: Այսինքն՝ այստեղ բաժանվել է տրամաբանությունը, որ եթե ակնհայտորեն բիզնես նպատակով է մարդը երկրորդ մեքենան ձեռք բերում և վաճառում, հարկն իջեցվել է, բայց հարկ գանձվում է, իսկ եթե ոչ բիզնես նպատակով, ընդհանրապես հարկ չի գանձվում:
- Հայաստանում գրանցված բեռնատար ավտոմեքենաների համար սահմանված ճանապարհային հարկը վերացվել է,
- ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցման գործունեությունն ազատվել է պետական տուրքից,
- Ֆիզիկական անձանց միջեւ իրականացվող՝ անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն ազատվել են եկամտային հարկով հարկումից,
- Սահմանվել է 23 տոկոս համահարթ եկամտահարկ, ինչի արդյունքում 2020 թ.հունվարի 1-ից շուրջ 200 հազար մարդու աշխատավարձը կբարձրանա: Այսինքն՝ ֆորմալ առումով աշխատավարձը չի բարձրանա, բայց քանի որ հարկերը կնվազեն, 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա: Իմիջիայլոց, ասեմ, որ շատ զինվորականներ, ում աշխատավարձը հիմա մեկ անգամ բարձրացել է, մեկ անգամ էլ կբարձրանա հունվարի 1-ից այս փոփոխության արդյունքում՝ կախված իհարկե նրանց աշխատավարձերի չափերից,
- Եվ բիզնեսի համար շատ կարևոր փոփոխություն՝ շահութահարկը 2 %-ով նվազել է՝ 20%-ից դառնալով 18%:

Հարկային արտոնություն ստանալու համար դիմած նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություների թիվը հասել է 159-ի, որից հարկային արտոնության հավաստագիր է ստացել 113 ընկերություն: Դիմած ընկերությունների 20 %-ի սեփականատերերը հայրենադարձներ են՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նիդերլանդներից եւ այլ երկրներից: Մինչեւ 2022թ. ոլորտում նախատեսվում է ստեղծել 1000-1200 աշխատատեղ՝ միջինը 500.000 ՀՀ դրամ աշխատավարձով: Հարկային արտոնությունը ենթադրում է շահութահարկից ազատում եւ աշխատակիցների աշխատավարձի նկատմամբ համահարթ 10% եկամտային հարկի սահմանում: Սա ստարտափերին մեր աջակցության ծրագիրն է:

2018 թ. հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրերի, որով նախատեսվել է իրականացնել 34.9 մլրդ դրամ ներդրումային ծրագիր եւ ստեղծել 813 աշխատատեղ։ Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 19 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 44.6 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 1271 աշխատատեղ։ 2019 թ. հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95.5 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 969 աշխատատեղ, մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 40 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 153 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 2378 աշխատատեղ։ Այսպիսով՝ 2 ծրագրերի շրջանակում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերը աճել են 1263-ով կամ 60.6 տոկոսով։

Կառավարությունը տնտեսական մի աննախադեպ որոշում է կայացրել. 2835 ընկերություններ ունեն ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդներ, որոնք գոյացել են մինչեւ 2017 թ. հուլիսի 1-ը: Սրանք այն գումարներն են, որ պետությունը ավելացված արժեքի հարկի գծով պարտք է տնտեսավարողներին և այդ պարտքը, ըստ էության, բոլորը գիտեին, որ գրված է սառույցին, այսինքն նույնիսկ օրենքում գիծ էին քաշել, որ բոլորը հասկանան, որ այդ պարտքի վրա խաչ քաշեն: Կառավարությունը շուրջ 56 միլիարդ դրամ դեբետային մնացորդը տնտեսվարողներին վերադարձնելու որոշում է կայացրել, ինչը գործնականում կսկսվի ԱԺ-ի կողմից համապատասխան օրենքը ընդունելուց հետո: Առաջարկի իմաստն այն է, որ տնտեսվարողներն այդ գումարները, որոնք ետ ստանալու հույսը վաղուց են կորցրել, ներդնեն մեր տնտեսության մեջ: Սա, ըստ էության, ավելի քան 100 միլիոն դոլարի պետական ներարկում է տնտեսության մեջ, որը մեր երկրի պատմության մեջ նախադեպը չունի:

Դուք գիտեք, ձեզանից շատերն այդ մասին գրել են երկար տարիներ, որ մենք երկրում ունեցել ենք հարկային գերավճարներ հավաքելու պրոբլեմ, այսինքն՝ երբ մարդը հարկային պարտավորություն է ունեցել 50 դրամի, մենք իրեն ասել ենք՝ ոչ, քանի որ հավաքելու խնդիր ունենք, 80 դրամ պետք է տաս: Հիմա երբ մեր կառավարությունն անցած տարի ձևավորվել է, այս գծով պետությունը տնտեսվարողներին ունեցել է 133 միլիարդ դրամի պարտք, և անցած տարվա մայիսից մինչև օրս մենք 124 միլիարդ դրամ անցումային գերավճարի գումարները մարել ենք: Այսինքն՝ պարտքերը մարել ենք, ինչպե՞ս ենք մարել. այդ մարդուն ընթացիկ հարկ է գոյացել, մենք իրեն ասել ենք՝ պետք չէ, դուք այդ հարկերը մի վճարեք, որովհետև դուք այստեղ գերավճար ունեք, և այդ հաշվարկներով 124 միլիարդ դրամ վերադարձրել ենք տնտեսվարողներին: Հիմա այս 2 որոշումների արդյունքում մենք մոտավորապես 500 միլիոն դրամի կոնկրետ ուղիղ պետական ներդրում ենք արել տնտեսության մեջ:

2019թ. մայիս-օգոստոս ամիսներին ՀՀ մարզերում 141 սկսնակ գործարարներ մասնակցել են ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից իրականացվող ձեռներեցության դասընթացների, ներկայացվել են 104 գործարար ծրագրեր, որոնցից 74-ին հասանելի կլինի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ֆինանսական աջակցությունը՝ մինչեւ 5 մլն ՀՀ դրամ վարկային երաշխավորության տեսքով: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ֆինանսական աջակցության ծրագրերի շրջանակում 35 սկսնակ գործարարների տրամադրվել է 138,6 մլն ՀՀ դրամի վարկային երաշխավորություն, եւս 40 սկսնակ գործարարների ֆինանսավորումը գտնվում է ընթացիկ փուլում:

Սա էլ այն մարդկանց համար, ովքեր ասում են՝ ասում եք աշխատեք, աշխատեք, բա ոնց աշխատենք՝ ոչ փող ունենք, ոչ գրավ ունենք և այլն: Սա էլ այդ մարդկանց համար ճանապարհն է, որ կարելի է բիզնես-մտահղացումը ձևակերպել, ՓՄՁ ԶԱԿ-ի և այլ կրթական ծրագրերի շրջանակում վերապատրաստում անցնել, վարկային երաշխավորությունն ստանալ, այսինքն՝ պետությունը երաշխավորի, որ այս մարդն, այո՛, ունի գաղափար և արդեն իսկ ունի հմտություններ այդ գաղափարն իրականացնելու, պետության երաշխավորությամբ ստանալ վարկը և իրականացնել բիզնես ծրագիրը:

2019 թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում տրամադրված վարկերի տոկոսադրույքները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են հետեւյալ կերպ՝
- Հիպոթեկային վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նվազել է 0.2 տոկոսային կետով:
- Գյուղատնտեսությանը տրամադրված վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.7 տոկոսային կետով։
- Սպառողական վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.3 տոկոսային կետով։

 

 

 

Նույն շարքից