Քաղաքականություն 

Առաջին անգամ` Հայաստանում. Հայտնի է, թե որ մարմինն է որոշելու Հրայր Թովմասյանի ճակատագիրը

analitik.am

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցությունը որոշեց գործընթաց սկսել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Քիչ առաջ այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Իմ քայլի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր հերթին հայտարարեց, որ այստեղ ժամկետի խնդիր չկա. «ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման հիմքերից մեկն էական կարգապահական խախտումն է: Այս գործընթացը կարող է նախաձեռնել ԱԺ խմբակցությունը` դիմելոբվ ԱԺ-ին: Դրանից հետո Ազգային ժողովը քննարկում է հարցը և գաղտնի քվեարկությամբ` ձայների 3/5-ով, որոշում է կայացնում դիմել ՍԴ-ին, վերջնական որոշումը կայացնում է հենց ՍԴ-ն` ձայների 2/3-ով` 6 դատավորով:

Էական խախտումն այն է, որ ՍԴ-ն չի քննել Քոչարյանի դիմումի վերաբերյալ Վահե Գրիգորյանի դիմումը, որ դատավորներից 3-ը չեն կարող մասնակցել գործի քննությանը:

Մյուս հիմքը կողմի ներկայացուցչի հետ որոշակի սերտ կապի առկայությունն է, որն ըստ էության կարող է կասկածի տակ դնել գործընթացի օբյեկտիվությունը: Խոսքը մասնավորապես Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի մասին է, ով Թովմասյանի հետ գտնվում է քավոր-սանիկական հարաբերությունների մեջ. «Սա չէ հիմքն իհարկե: Նաև նրանց փոխհարաբերությունների բնույթն է հիմքը: Սա հիմքերից մեկն է, մնացած հիմքերի մասին ավելի մանրամասն կծանոթանաք»:

Այսպիսով, համապատասխան դիմումը ներկայացվելու է ԱԺ նախագահին, վերջինս` գլխադասային հանձնաժողով, հանձնաժողովն էլ այն ներկայացնում է ԱԺ. «Նման ընթացակարգ ՀՀ ԱԺ-ում երբեք չի եղել: ԱԺ-ում քննարկման ժամանակ հրավիրվում է նաև նա, ում նկատմամբ գործընթաց է սկսվում: Նա խոսքի իրավունք է ունենալու»:

Վարդանյանը հայտարարեց, որ որևիցե մեկից ազատվելու խնդիր չկա, ուղղակի ՍԴ-ն պետք է չշեղվի այն լիազորություններից, որով օժտված է սահմանադրությամբ:

Հարցին, թե ինչու է գործընթացը սկսվում հիմա, Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ ՍԴ-ն հնարավորություն է ունեցել քայլեր ձեռնարկել համակարգն առողջացնելու համար, սակայն դա մինչ հիմա չի արել, իսկ հիմա ԱԺ-ն է գործելու` ամեն ինչ անելով օրենքի սահմաններում:

Նույն շարքից