Իրավական Հասարակություն 

Իմ գնահատմամբ՝ այո, Արարատ Միրզոյանի ելույթը ենթադրում է օրենսդիր մարմնի ճնշում ՍԴ-ի վրա. ՍԴ նախագահի խորհրդական

analitik.am

Զարմանալի է, որ Ազգային ժողովը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություն է անում, շատ պատասխանատու հայտարարություններ է անում՝ չհիմնվելով որևէ փաստի վրա: Դա, միանշանակ, օրենսդիր մարմնի ճնշումն է Սահմանադրական դատարանի նկատմամբ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանն՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության այն հատվածին, թե Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և իր որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և/կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմողն ունեցած առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ 3 անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը:

«Կարող եմ ուղղակիորեն հերքել պարոն Միրզոյանի ասածները՝ փաստելով, որ Սահմանադրական դատարանն աշխատանքային նիստ է հրավիրել հատուկ այդ հարցով և անդրադարձել է դատավոր Վահե Գրիգորյանի պնդումներին առ այն, որ ՍԴ երեք դատավորներ, ինչպես ինքն է անվանում՝ անդամներ, իրավասու չէին քննել այդ գործն անաչառ չլինելու պատճառով:  ՍԴ-ն մանրամասն է անդրադարձել Վահե Գրիգորյանի պայմանական ասած՝ թույլատրելիությանը՝ փաստելով, որ Վահե Գրիգորյանն այդ դիմումը ներկայացնելով խախտել է Սահմանադրական դատարանի մասին օրենքի մի շարք պահանջներ:

ՍԴ-ն այս հարցին սպառիչ անդրադարձել է, բայց քանի որ դատարանը հաշվետու չէ որևէ մարմնի, այդ թվում նաև Ազգային ժողովին կամ նրա նախագահին, չէր կարող հաշվետու լինել և բնականաբար այդ մասին ԱԺ նախագահին չի տեղեկացրել և պարտավոր էլ չէր տեղեկացնել:

Ուստի, նման հայտարարություն անելուց առաջ հարկավոր էր նախ փաստերը ստուգել»,-ասաց Մուրադյանը:

Նույն շարքից