«Իրատես» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս. թ. սեպտեմբերի 9-ի ֆեյսբուքյան իր ուղիղ հաղորդման կամ լայվի ընթացքում հայտարարեց, որ առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։
Միանգամից նշեմ, որ վարչապետը կամ բանից անտեղյակ է, ինչը սովորաբար բնորոշ է բոլոր նրանց, ովքեր Քաջ Նազարի պես տիրանում են երկրի ղեկավարի աթոռին, կամ պարզապես ստում է: Իրականում Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու բազմաթիվ իրավական հիմնավորումներ կան, և հույժ կարևոր է դրանք ներկայացնելը, քանի որ խնդիրը վերաբերում է Ամուլսարի հանքը շահագործել-չշահագործելուն, այլ կերպ ասած` հեռանկարում Հայաստանի լինել-չլինելուն:
Միաժամանակ ընդգծենք, որ ՀՀ վարչապետի և իշխանության համապատասխան մարմինների կողմից վերոնշյալ հիմնավորումները զանց առնելը, «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» փաստաթղթի վերաբերյալ տրված դրական փորձաքննական եզրակացության ուժը կորցրած լինելու պարագայում այդ և մի շարք այլ հիմնավորումներով հանքի շահագործումն արգելելու փոխարեն, այն թույլատրելը կնշանակի հարվածի տակ դնել Հայաստանի ազգային անվտանգությունը:
Ավելին` դա կնշանակի հանցագործություն շրջակա միջավայրի, բնության, ՀՀ բնակչության, մեր պետության, իսկ եթե պատկերացնենք այն հետևանքները, որոնք սպասելի են տասնամյակներ հետո, ապա, խոշոր հաշվով, նաև ողջ հայ ժողովրդի նկատմամբ: Այն, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը բանից խայտառակության աստիճանի անտեղյակ են, անառարկելի փաստ է: Այդ կապակցությամբ ընդամենը մեկ օրինակ ներկայացնեմ. 2019 թ. օգոստոսի 29-ին ELARD-TRC-ի փորձագետների հետ տեղի ունեցած սկայպ-տեսակոնֆերանսի ավարտին վարչապետը, դիմելով ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, ասաց. «Պարոն Գրիգորյան, ես վերջին հարցն եմ ուզում Ձեզ տալ: Ես տվել եմ հանձնարարական, որպեսզի Բնապահպանության նախարարությունը էս ամբողջ տեղեկատվությունը, այսինքն` մինչև հիմա եղած տեղեկատվությունը հիմք ընդունելով, գա եզրակացության, թե, արդյոք, Ամուլսարի պրոյեկտի համար նոր շրջակա միջավայրի ազդեցության գնահատման անհրաժեշտություն կա՞, թե՞ չկա, և Դուք ասել եք, ժամանակ եք խնդրել մինչև սեպտեմբերի 4-ը այդ հարցին պատասխանել: Եվ հիմա նաև փորձագիտական եզրակացությունը, փաստաթղթերը, որոնք կան, և այսօր լսածը, Ձեր կարծիքով, բավարա՞ր են արդյոք, որպեսզի Շրջակա միջավայրի նախարարությունը գա միանշանակ եզրակացության»: Հաջորդ օրը Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կատարեց մի գրառում, որում նշված է. «Երեկվա քննարկումը նաև կարևոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի»:
Այն, որ վարչապետը հիշյալ ներկայանալի հանդիպման (տեսակոնֆերանսի) ընթացքում շրջակա միջավայրի նախարարությունը շփոթմամբ նախկին անվանումով նշեց, ոչինչ, ներողամիտ լինենք, բայց… Նիկոլ Փաշինյանի կողմից վերոնշյալ հանձնարարականը տալը (ընդ որում, տվել է դեռ օգոստոսի 21-ին), և օգոստոսի 29-ին էլ այդ մասին հրապարակավ հայտարարելը ELARD-TRC-ի փորձագետների հետ տեղի ունեցած սկայպ-տեսակոնֆերանսի ընթացքում, որին, ի դեպ, Հայաստանի կառավարության շենքում մասնակցում էին նաև «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, նշանակում է՝ այդ պահի դրությամբ նա չուներ տվյալ ոլորտին առնչվող նույնիսկ տարրական իրավական գիտելիքներ:
Խնդիրն այն է, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը, որը, ի դեպ, բավական թանկարժեք գործողություն է, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կամ պետական որևէ այլ մարմին չէ, որ պետք է կատարեն, նրանք չունեն այդպիսի լիազորություն, դա զուտ հանքը շահագործելու պատրաստվող «Լիդիան Արմենիա» մասնավոր ընկերության խնդիրը և որոշելիքն է: Այսինքն` եթե ցանկանում է, անհրաժեշտ է համարում, կարող է պատվիրել շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում և փորձաքննության ներկայացնել նոր ՇՄԱԳ հաշվետվություն, եթե ոչ` ոչ: Վարչապետը կարող էր և ՀՀ շրջակա միջավայրի նախարարին վաղուց պետք է բոլորովին այլ հանձնարարական տար` պարզել, թե արդյոք կա՞ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկը` «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ՇՄԱԳ հաշվետվությանը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության» 29.04.2016 թ. թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը (դրական եզրակացությունը) ուժը կորցրած ճանաչելու համար»:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում