Քաղաքականություն 

«ԲՀԿ»-ն հիմքեր չի տեսնում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլի» նախաձեռնությանը միանալու համար

analitik.am

Երեկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ խմբակցությունը գործընթաց է սկսում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար:

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «ԲՀԿ»-ական Արման Աբովյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք միանալու են գործընթացին, ասաց, որ հարցի շուրջ քննարկումներ ունեցել են ու այդ քննարկումները շարունակվում են:

«ԲՀԿ»-ական Գևորգ Պետրոսյանն իր հերթին հայտարարեց, որ Հրայր Թովմասյանն իր աչքի լույսը չէ, սակայն դա չի խանգարելու իրեն ասել ճշմարտությունը. «ՀՀ ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքով սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Այս դեպքում «Իմ քայլը» պատգամավորների ձայների 3/5-ով պարտավոր է ներկայացնել նախաձեռնությունը, իսկ թե ինչպիսի որոշում պետք է կայացնել ՍԴ-ն չպետք է կանխակալ կարծիք հայտնել, քանի որ դա ճնշում կհամարվի դատարանի վրա»:

Պետրոսյանը հայտարարեց, որ այս պահին իրենք հիմքեր չեն տեսնում «Իմ քայլի» նախաձեռնությանը միանալու համար, իսկ «ԲՀԿ»-ն չի միանում նախաձեռնություններին, որոնք չունեն հիմք. «Ամեն դեպքում խնդիրը տեղափոխվելու է ՍԴ-ի դաշտ»:

Արման Աբովյանը հայտարարեց, որ խնդիրը շատ հեշտ լուծվող է. «Հարցն այն է, որ իրավական դաշտում լուծում պահանջող խնդիրները պետք է լուծվեն հենց իրավական դաշտից: Իսկ եթե այն դուրս գա իրավական սահմաններից, վտանգ կառաջանա: Սա անձերի, գործընթացների խնդիր չէ: Այստեղ ամենակարևորն այն է, որ Հայաստանում կատարվող ամեն ինչը պետք է լինի բացառապես իրավական դաշտում, օրենքների շրջանակներում: Սա է մեր դիրքորոշումը»:

Պետրոսյանն ամեն դեպքում նշեց, որ կսպասեն «Իմ քայլի» ներկայացրած փաստարկներին, ինչից հետո միայն վերջնական որոշում կկայացնեն:

Նույն շարքից