Քաղաքականություն 

Հազիվ պատասխաններ. «Իմ քայլի» պատգամավորները` Վանեցյանի հեռանալու մասին

analitik.am

Վարչապետի խոսնակը բավականին հանգամանալից անդրադարձել է պարոն Վանեցյանի այդ տեքստին, ավելացնելու բան չունեմ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ խոսելով Արթուր Վանեցյանի հրաժարականի, վերջինիս հայտարարության մասին:

Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականին, Ջուլհակյանը հայտարարեց, որ գործ ունենք ազատման հետ, ոչ թե հրաժարականի. «Նա հեռացել է, այդ հարցին անդրադարձել է նաև վարչապետն իր մամուլի ասուլիսի ժամանակ՝ կարծում եմ պատասխանելով բոլոր հարցերին»:

Հարցին, թե իրենց համար պարզ է արդյո՞ք տեղի ունեցածի պատճառները, Ջուլհակյանն ասաց, որ իր համար հստակ է, որ պարոն Վանեցյանն, ըստ էության, չի համապատասխանել այն ակնկալիքներին, որոնք նրա նկատմամբ ունեցել է քաղաքական մեծամասնությունը. «Ես ավել մեկնաբանություններ չեմ ուզում տալ»:

«Իմ քայլի» պատգամավորը որևէ բան չավելացրեց՝ չիմանալով, թե ինչ պետք է ասել: Նրան շատ արագ օգնության հասավ իմքայլական Սուրեն Գրիգորյանը՝ հայտարարելով, որ գործադիր իշխանության, այս դեպքում Փաշինյան-Վանեցյան հարաբերությունների, նախապատմության, հրաժարականին բերած նախապատվությունը չի ենթադրում, որ ամեն պատգամավոր պետք է տեղյակ լինի տեղի ունեցածին. «Ինչ վերաբերում է Վանեցյանի տեքստին, ապա այն կարող է 100 բանով պայմանավորված լինի՝ լարված հարաբերություններով, կարող են տարրական տարաձայնություններ եղած լինեն: Ես անկեղծ ասած չեմ կարող ասել, թե ինչու է Վանեցյանն այդպես գրել, հրաժարականին և ազատմանը բերած պատճառների մասին ևս հանգամանալից չգիտեմ: Աշխատանքային հարաբերությունները մանրուք ենք, որոնց բոլոր պատգամավորները տեղյակ լինել չեն կարող»:

Գրիգորյանի խոսքերով, Վանեցյանի հեռանալը մանրուք չէ, մանրուք են առանձին դեպքերը, որոնք աստիճանաբար կարող են կուտակվել:

«Իմ քայլի» պատգամավորները չգիտեն, թե ինչու է Վանեցյանը որոշել հեռանալ ու ինչու է Փաշինյանը համաձայնվել դրա հետ:

Իմքայլական Գրիգորյանն առանձնապես չի էլ վառվում ցանկությամբ իմանալ, թե ինչու է Վանեցյանը հեռացել, քանի որ դա որևէ կերպով չի ազդելու իր ՕԳԳ-ի վրա:

Նույն շարքից