Հասարակություն 

Քուվեյթի շեյխուհին ծանոթացել է Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը

analitik.am

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով ճանաչողական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը, տիկին Նունե Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն՝ ծանոթանալու հայկական գորգագործության պատմությանը և ավանդույթներին: Նրանց են ներկայացվել ազգային ավանդական գորգագործության նմուշները, հայկական զարդանախշերի նշանակությունը: Գորգագործման սրահում հյուրերը հետևել են գորգերի ստեղծման ընթացքին:

Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահն այնուհետև հյուրընկալվել է «Երևան իմ սեր» հիմնադրամում: Տիկին Նունե Սարգսյանի հետ շրջայցի ընթացքում նա ծանոթացել է հիմնադրամի գործունեությանն ու ծրագրերին: Ճարտարապետական կոթողների պահպանության գործում զգալի փորձ ունեցող շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը հետաքրքրվել է պատմական շենքերի վերականգնման գործում հիմնադրամի կատարած աշխատանքով ու առաջիկա նախագծերով: «Երևան իմ սեր» հիմնադրամի տարածքում գործող՝ հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնում տիկին Նունե Սարգսյանը շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահին ծանոթացրել է հաստատության գործունեությանը:

Մինչ այդ, շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը, մեր երկրի պամամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով, այցելել է Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանական համալիր: Հյուրերը շրջել են պատմական կոթողների տարածքում, ծանոթացել դրանց բազմադարյա պատմությանը:

Հայաստան ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը ավելի վաղ եղել է նաև մի շարք մշակութային հաստատություններում, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, Գաֆեսճյան արվեստի կենտրոնում: Այցի ընթացքում քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր երկրների մշակույթը և աշխարհագրական ու ժամանակագրական տարբեր շրջաններ ներկայացնող Ալ-Սաբահ հավաքածուի նմուշները Երևանում ցուցադրելու, ինչպես նաև երկու երկրներում մշակութային շաբաթներ կազմակերպելու վերաբերյալ:

Նույն շարքից