Հասարակություն 

Մարդը կարող է ամբողջ կյանքը ճիշտ ապրել և մեկ սխալ թույլ տալով ամեն ինչի վրա խաչ քաշել. Քոչարյանի վերջին խոսքը` դատարանում

Մեղադրող կողմն իր հիմնավորումները կառուցում է ենթադրությունների վրա, գոնե մեկ փաստարկ չի բերվել քննությունից թաքնվելու կամ քննությանը խոչընդոտելու վերաբերյալ: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

«Ստիպված եմ որոշ բաներ պարզաբանել: Ես առաջին ծանուցումը ստացել եմ, երբ Հունաստանում էի:  Ես այն ժամանակ ասացի, որ վերադառնալու եմ Հայաստան: Այդ օրերին Պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ արդեն հետախուզում էր հայտարարվել: 10 տարի նախագահ եղած նախագահը լավ է հասկանում, թե ինչպես է գործում այդ մեքենան, ես 100 տոկոս գիտեի, որ մեղադրանք է առաջադրվելու մեծ հավանականությամբ փորձելու են կալանավորել: Այդ հարցը ես նույնիսկ փաստաբանների հետ չեմ քննարկել: Ես չգիտեմ, թե ինչ է ասել պարոն Օրբելյանը, քննարկելու հնարավորություն էլ չի եղել, քանի որ նույն գիշերը կալանավորեցին»:

Քոչարյանը հայտարարեց, որ հստակ գիտեր, թե ուր է գնում ու ինչ է իրեն սպասում. «Դրա այլընտրանքն այն է, որ  չես գալիս, աղմուկ են բարձրացնում, թե փախավ, պատասխանատվությունից խուսափեց: Ոնցոր քո կենսագրությունն ամբողջությամբ քո մեկ քայլի պատճառով փորձում են վերաշարադրել: Սա է եղել հետ գալու իմ գլխավոր մոտիվացիան: Մարդ կարող է ամբողջ կյանքը ճիշտ ապրել և մեկ սխալ թույլ տալով ամեն ինչի վրա խաչ քաշել: Այդպիսի օրինակներ շատ կան, նաև՝ Հայաստանում»:

Ինչ վերաբերում է իր բուժման հետ կապված Գերմանիա մեկնելու հնարավորության մասին, Քոչարյանն ասաց, որ ունեցել է երկու անձնագիր՝ դիվանագիտական, մեկը քննիչի մոտ է, մեկն՝ իր մոտ. «Ես կարող էի հանգիստ գնալ, չկար որևէ խափանման միջոց: Ես դիմել եմ քննիչին, ասել եմ, որ գնալուս դեպքում աղմուկ է բարձրանալու: Ես նրան ասացի, որ խորհրդակցի իր ղեկավարի հետ: Ասացի, որ եթե խնդիր չեն տեսնում, կգնամ, եթե տեսնում են, նույն հետազոտությունը կփորձեմ ստանալ Հայաստանում: Քննիչն ասաց, որ իրեն 2-3 օր է պետք քննարկելու համար: Քննիչի դուրս գալուց հետռո պատվիրել եմ տոմս: Երբ մերժեցին, տոմսը չգնեցի: Փախնող մարդը գնալո՞ւ է քննիչին ասի, որ փախնելու է: Ամեն մարդ փորձում է մտածել, թե ինչ կանի էտ վիճակում ու մտածում է, որ դիմացինն էլ այդպես կանի: Բայց ես այդպիսին չեմ»:

«Դատախազներն անընդհատ ասում են, որ կալանքի հարցը որոշվել է, բոլոր հարցերին անդրադարձ է եղել Վերաքննիչում: Ես հիշեցնեմ, որ Վերաքննիչում ելույթ ունեցավ դատախազը, հետո տուժողի ներկայացուցիչը, հետո դատավորը որոշում է կայացրել: Մենք դիտորդի դերում ենք եղել: Այնտեղ քննարկում չի եղել»,-ասաց Քոչարյանը:

Ինչ վերաբերում է պնդմանը, որ ինքը պաշտոն է զբաղեցրել ու կարող է ազդել քննության վրա, Քոչարյանն ասաց, որ պաշտոն զբաղվեցնելու հարցն այսօր չի խոսում իր օգտին, հակառակը. «Ինչպե՞ս են կարողանում ասել, որ այսօրվա պայմաններում ես կարող եմ ազդել քննության վրա: Ինչպե՞ս պետք է ես ազդեմ ներկա դատախազի, ՀՔԾ-ի պաշտոնը զբաղեցնելու պայմաններում: Ինչ վերաբերում է վկաների վրա ազդեցությանը, ես արդեն ասել եմ, որ մի քանի հոգու հետ եմ շփում ունեցել: Ազդելու սուբյեկտը չկա քրեական գործում»:

Քոչարյանը նաև հիշեցրեց, որ կալանավորման մասին երկրորդ վճռից հետո իր ծառայողական ավտոմեքենայով գնացել է մեկուսարանի մոտ և մեկ ժամից ավել քննիչին սպասել, մինչև եկել ու կալանավորել են իրեն. «Փախնող մարդն այդպիսի վարքագիծ չի դրսևորի»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից