Հասարակություն Իրավական 

Լավ, բայց քրեակա՞ն, ամռանն արձակուրդ գնալու համա՞ր, լո՞ւրջ եք ասում. Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու հոգու արձակուրդ տրամադրելու զավեշտալի քրեական գործը միայն հավաստում է, թե որքան արդար ենք աշխատել. շնորհակալությո՛ւն ՀՊՏՀ նոր ղեկավարությանը

Ինչպես հայտնի է, ՀՊՏՀ նոր ղեկավարությունից ինձ «ընկեր» ներկայացողները մի քանի անգամ նշել էին, որ «ֆինանսական խախտումներ» են բացահայտել և պատրաստվում են դրանք ներկայացնել համապատասխան մարմիններին: Թե ինչու են դա անում, կարծում եմ՝ ակնհայտ է բոլորի համար:
Եվ այսպես՝ ցնդաբանական «խախտումները», յուրաքանչյուր հաջորդ փուլում ֆիլտրվելով և նոսրանալով, հասել են Քննչական կոմիտե՝ հետագա քննության նպատակով:

Դրանք, ըստ էության, բաղկացած են 2 դեպքից.
1. Ինչպե՞ս կարող էի տրամադրել ամենամյա վճարովի արձակուրդ իմ մտերիմը համարվող 2 աշխատակցի. չէ՞ որ նրանց անընդհատ աշխատանքի վեց ամիսը դեռևս չէր լրացել:
Հարգելինե՛րս, եթե իհարկե իսկապես չեք հասկանում, ուշադի՛ր կարդացեք Աշխատանքային օրենսգիրքը, որը ոչ միայն «որպես կանոն» ձևակերպմամբ արդեն իսկ չի արգելում արձակուրդի տրամադրումը, այլև հստակորեն սահմանում է, որ աշխատողի խնդրանքով արձակուրդը կարող է տրամադրվել կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: Իսկ վերջինիս մեջ մատչելի հայերենով գրված է՝ ԳՈՐԾԱՏՈւԻ ՀԱՄԱՁԱՅՆՈւԹՅԱՄԲ՝ այլ դեպքերում (տե՛ս կից նկարները):
2. Ինչպե՞ս կարող էր իմ պաշտոնավարման ընթացքում աշխատանքի ընդունված և իմ մտերիմը համարվող աշխատակիցը պարգևատրում ստանալ:
Ցանկանում եմ տեղեկացնել հասարակությանը, որ հերթական պարգևատրումը ստացել են բոլոր հիմնական աշխատակիցները՝ ԱՆԽՏԻՐ: Ավելին՝ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ պարգևատրումը՝ որպես աշխատակիցների խրախուսման ձև, կիրառվել է բոլոր նախորդ տարիներին, և այդ ավանդույթն ընդամենը չի խախտվել:

Լա’վ, բայց քրեակա՞ն..., ամռանն արձակուրդ գնալու համա՞ր, լո՞ւրջ եք ասում:

Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը հնարված է ՀՊՏՀ նոր ղեկավարության կողմից՝ հասարակության մեջ ինձ բացասական կերպով ներկայացնելու համար։
Հրավիրում եմ մեր բոլոր գործընկերների, ուսանողների, շրջանավարտների, մամուլի և ամենակարևորը՝ պատասխանատու մարմինների ուշադրությունը այս ամոթալի և հուսահատ հետապնդմանը»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից