Բարի օր Քաղաքականություն 

Հնարավոր չէ ամեն անգամ դուրս գալ փողոց, անհրաժեշտ է կառուցել համակարգի նկատմամբ հավատ. ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան

analitik.am

Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսի շրջանակում անցկացվել է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին քննարկում ՀՀ և ԱՄՆ չորս դեսպանների մասնակցությամբ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Վաշինգտոնում տեղի ունեցավ Ամերիկայի հայկական համագումարի ազգային քարոզչական կոնֆերանսը, որի շրջանակներում Հայաստանի և Միացյալ Նահագների չորս նախկին և գործող դեսպաններ քննարկեցին հայ-ամերիկյան հարաբերությունները: ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Շուգարյանը կարևորեց Հայաստանի ինքնիշխանության գործոնը արտաքին քաղաքականության ոլորտում։

«Թավշյա հեղափությունը հստակ ազդանշան ուղարկեց աշխարհին և մասնավորապես Եվրասիական միությանը, որ Հայաստանը հետամուտ է իր սեփական շահերին, որոնք միշտ չէ, որ համընկնում են վերոհիշյալ խմբի անդամ երկրների շահերի հետ»։

Այսօր Հայաստանի առջև ծառացած են բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ, նշեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը: Հայաստանի համար արտաքին քաղաքական գերխնդիրներից են ղարաբաղյան հակամարտությունն ու Թուրքիայի հետ հարաբերությունները: Դեսպանը շեշտեց նաև Մոսկվայի հետ Երևանի հարաբերություննեի կարևորությունը՝ անվտանգության մարտահրավերներից ելնելով, միաժամանակ նշելով, որ նոր վարչակազմին հաջողվել է պահպանել հավասարակշված բազմաբևեռ արտաքին քաղաքականություն:

«Նրանց հաջողվեց խուսափել ուկրաինական սցենարից»:

Իր հերթին նախկին փոխպետքարտուղար, դեսպան Ջոն Հեֆերնն իր ելույթում կենտրոնացավ հետհեղափոխական փուլում օրենքի գերակայության հաստատման խնդրին՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դաշտում: Բոլոր կուսակցություններն ու տեղական և օտար ընկերությունները պետք է հավասար լինեն օրենքի առջև, նշեց Հեֆերնը՝ կարևորելով գործող համակարգի նկատմամբ հանրային վստահությունը:

«Ինստիտուտների կառուցումը հիմնական խնդիրներից է, սակայն հանրային վստահությունը դրանց նկատմամբ ևս շատ կարևոր է: Հնարավոր չէ ամեն անգամ դուրս գալ փողոց: Անհրաժեշտ է կառուցել համակարգի նկատմամբ հավատ»,- նշեց Հեֆերնը:

ԱՄՆ-ում ՀՀ գործող դեսպան Վարուժան Ներսիսյանը, ընդգծեց, որ ԱՄՆ-ը առանցքային գործընկեր Հայաստանի համար. «ԱՄՆ շարունակում է մնալ առանցքային գործընկեր Հայաստանի համար: ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը վարչապետ Փաշինյանի կառավարության առաջնահերթություններից է, և մենք հույս ունենք ընդլայնել դրանք»,- նշեց Ներսիսյանը:

Նրա գնահատմամբ Հայաստանի թավշյա հեղափոխությունն իր հետ բերեց հիմնարար փոփոխություններ: Դա համահայկական շարժում էր, զերծ որևէ աշխարհաքաղաքական բովանդակությունից, որը միավորեց հայության բոլոր հատվածները:

Նույն շարքից