Մոսկվայի Խորոշևյան դատարանը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին օմոնական Միխայել Պիտալյովին, ով 3 միլիոն ռուբլի է շորթել պետական պաշտպանության տակ գտնվող անձից: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն՝ հավելելով, որ խոսքը մասնավորապես վերաբերում է հայ գործարար Կարեն Մխիթարյանին:
Մխիթարյանը որպես վկա էր քրեական գործում, որով անցնում էր քրեական հեղինակություն Սերգեյ Ասատրյանը: Այն բանից հետո, երբ Մխիթարանի տունն այրել էին, որոշում էր կայացվել պետական պաշտպանություն տրամադրել նրան ու նրա կնոջը: Այդ պաշտպանությունն իրականացնում էին օմոնականները:

Նշվում է, որ 2017 թվականին Պիտալյովը 360 հազար ռուբլի է պահանջել Մխիթարյանից որակյալ պաշտպանություն տրամադրելու համար: Դրանից հետո նա հայազգի գործարարին առաջարկել է ևս մեկ տարի պաշտպանություն ապահովել՝ պահանջելով 3 միլիոն ռուբլի աշխատավարձ:
ՕՄՈՆ-ի գումարտակի նախկին հրամանատարը ձերբակալվել է ԱԴԾ-ի աշխատակիցների կողմից, այն բանից հետո, երբ Մխիթարյանից ստացել է 33 հազար դոլար: