Չկա նման բան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ արձագանքելով մամուլում տարածված տեղեկությունների մասին, որ ինքը հրաժարական է տալու:
Դիտարկմանը, որ մամուլը նման բան է գրում, նախարարն ասաց՝ թող գրի:
Այսօր նախարար Տոնոյանը փակ հանդիպման է հրավիրված Ազգային ժողովում:
Դավիթ Տոնոյանը վստահեցրեց, որ իր հրաժարականի վերաբերյալ քննարկում չի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պաշտպանության նախարարը չցանկացավ մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռանալը` նշելով, որ դա անհատական որոշում է եղել:
Նա չմեկնաբանեց նաև Վանեցյանի հրապարակած հայտարարությունը` նշելով, որ վերջինս ժամանակի ընթացքում կմեկնաբանի:
Կարծիքներին, որ Վանեցյանի հրաժարականը վարչապետի հետ տարաձայնությունների արդյունք է, Տոնոյանն ասաց, որ հրաժարականներն առանց պատճառի չեն լինում:
Ինչ վերաբերում է Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականին, Տոնոյանն ասաց, որ տեղյակ չէ. «Ես հերքում եմ, որ Ազգային անվտանգության խորհրդում այդ թեմայով քննարկում է եղել»:
Նախարարն ասաց, որ անձամբ ինքը տարաձայնություններ չունի վարչապետ Փաշինյանի հետ, շատ սինխրոնիզացված աշխատանք է տարվում. «Չեն կարող լինել տարաձայնություններ»:
Տոնոյանը տեղյակ չէ հնարավոր տարաձայնությունների մասին, որոնք կարող է եղած լինեն Վանեցյանի և Փաշինյանի միջև: