Բարի օր Հասարակություն 

Արթուր Վանեցյանն իմ ընկերն է. Դավիթ Տոնոյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փակ հանդիպման է հրավիրված Ազգային ժողովում:

Հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում Տոնոյանը, խոսելով Վանեցյանի հեռանալու և Օսիպյանի հնարավոր հեռանալու մասին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ուժային կառույցների ղեկավարների հեռանալն անվտանգության առումով սպառնալիք չեն ստեղծում, ասաց, որ չի կարծում. «Համակարգ է գործում»:

Հարցին, թե սպասվում են արդյո՞ք ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ, նախարար Տոնոյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ»:

Տոնոյանը հայտնեց, որ դեռևս իրեն չեն հրավիրել ԱԺ-ում ստեղծված ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ՊՆ-ում կարող են պաշտոնանկություններ լինել, Տոնոյանը նշեց, որ դա միայն պարզ կլինի հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո:

Նախարարն ասաց, որ որոշակիորեն հետևում է հանձնաժողովի աշխատանքներին և դեռևս տեղեկություններ են տրամադրում: Նա ասաց, որ հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ է. «Այն տեղեկությունները, որոնք ստացվում են, բավարար են լինելու եզրակացություններ անելու համար»:

Տոնոյանն ասաց, որ ցավոտ անակնկալներ չեն լինելու հանձնաժողովի աշխատանքի արդյունքում՝ չբացառելով, որ կարող են քրեական գործեր հարուցվել. «Այս փուլում այդ մասին խոսել հնարավոր չէ: Ամեն դեպքում հանձնաժողովի աշխատանքները դրա համար չեն, որ քրեական գործեր հարուցվեն»:

Տոնոյանը, վերադառնալով Արթուր Վանեցյանի թեմային, հայտարարեց, որ վերջինս իր ընկերն է, գործընկերը. «Մենք 1,5 տարի շատ սերտ համագործակցել ենք: Մեկնաբանություններ չեմ տա, բոլոր մեկնաբանությունները կթողնեմ նրան»:

Նույն շարքից