Հասարակություն 

Քաղաքապետարանից բերեցին թուղթը

analitik.am

«Սանիտեք» ընկերության աշխատակիցները հավաքվել են քաղաքապետարանի մոտ և պատասխան են պահանջում իրենց աշխատավարձի վերաբերյալ: Հավաքված քաղաքացիները նշում են, որ դեռ չեն ստացել օգոստոս ամսվա աշխատավարձը, քանի որ ընկերությունից պնդում են, որ քաղաքապետարանից չեն փոխանցել ամբողջ գումարը:

Հիմա «Սանիտեքի» աշխատակիցները քաղաքապետարանից թուղթ են պահանջում, որը կապացուցի գումարի փոխանցման փաստը, ինչից հետո իրենք կկարողանան կամ պահանջել իրենց աշխատավարձը կամ դիմել դատարան. «Մեզ պետք է մեր աշխատավարձն ու վերջնահաշվարկ»:

Քիչ առաջ քաղաքացիների հետ հանդիպեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով ներկայացրեց փաստաթուղթ այն մասին, որ քաղաքապետարանը «Սանիտեքին» փոխանցել է 165 միլիոն դրամ, դրանից 141 միլիոնը օգոստոսին կատարած աշխատանքի համար է, մնացածը` հուլիս:

Կարապետյանը հայտարարեց, որ քաղաքապետարանն անելու է այնպես, որպեսզի «Սանիտեքի» աշխատակիցները կարողանան ուղղակիորեն ստանալ իրենց աշխատավարձը, հնարավորության սահմաններում ամեն ինչ արվում է. «Գումարը ձեզ պետք է վճարի «Սանիտեք»-ը, քանի որ քաղաքապետարանը փոխանցել է այդ գումարը»:

Նույն շարքից