Հասարակություն 

Հայ-ամերիկյան սողունաբանական կենտրոնում կզբաղվեն Կարմիրգրքյան սողունների գեոնֆոնդի պահպանման հարցերով

analitik.am

Հայաստանում բացվել է հազվադեպ պատահող, կարմիրգրքյան սողունների պահպանման և բազմացման հայ-ամերիկյան կենտրոն։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենթ Լուիս քաղաքի կենդնաբանական այգու և Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի համագործակցության շնորհիվ:

Համագործակցությունը մեկնարկել է 2004 թվականից, իսկ 2018 թվականի մայիս 24-ին կենդանաբանության խնդիրների ուսումնասիրությամբ զբաղվող կառույցները կնքել են գիտական համագործակցության համաձայնագիր, ըստ որի Հայաստանում բացվում է սողունների պահպանման և բազմացման կենտրոն։

Ըստ համաձայնագրի, հայ-ամերիկյան համագործակցությունը նախատեսում է ՀՀ պահպանվող տարածքներում անցկացնել կարգաբանական և էկոլոգիական հետազոտություններ, բազմացման կենտրոնում ստանալ Հայաստանի բնաշխարհի հազվագյուտ և անհետացող Կարմիր գրքում գրանցված տեսակների՝ Դարևսկու իժ, հայկական լեռնատափաստանային իժ, հայկական իժ կամ Ռադդեի իժ, միջերկրածովային կրիա, նոր սերունդներ՝ գենետիկական ֆոնդի պահպանման նպատակով։

«Կենդանիներին մենք բնությունից ենք վերցնում։ Բազմանալուց հետո նրանք նույն վայրում բաց կթողնվեն, բայց արդեն հատուկ ռադիոհաղորդիչներով՝ չիպերով, որոնց շնորհիվ կկարողանանք հետևել սողունների պահվածքին, նրանց հետագա ապրելակերպին․ բաց թողնելուց հետո սկզբի մի քանի ամսում»,- Analitik.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի թանգարանի վարիչ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Լևոն Աղասյանը։

Սենթ Լուիսի (ԱՄՆ) կենդանաբանական այգու հերպետոլոգիայի բաժնի ղեկավար Մարկ Վանները նշեց, որ Սենթ Լուիսի ինստիտուտը զբաղվում է կենդանիների բազմացմամբ և պահպանմամբ, ինչը շատ կարևոր է․ «Մյուս տարի մենք պատրաստվում ենք անասնաբույժների համար անցկացնել հատուկ դասընթացներ սողունների մասով։ Նաև պատրաստվում ենք աշխատել երեխաների հետ, որ չվախենան սողուններից»։

Ամերիկացի մասնագետը նաև նշեց, որ 15 տարվա ընթացքում, Սենթ Լուիսի կենդանաբանական այգու գիտահետազոտական բաժնում ընդամենը 2 հայկական իժից հաջողվել է ստանալ և մեծացնել 27 օձ։

Վանները նաև հավելեց, որ Սենթ Լուիսի այգու գիտահետազոտական կենտրոնն այն բացառիկ վայրերից է, որտեղ պահպանում և բազմացնում են կարմիրգրքյան տեսակի սողուններին։

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից