Բարի օր Հասարակություն 

Ես չեմ բարձրաձայնի, թե ինչ եմ տեսել. Ուսխորհրդի նախագահը տեղի ունեցածը խայտառակություն է համարում կոնսերվատորիայի համար

analitik.am

 

 

Ինչպես արդեն հայտնել է Analitik.am-ը, սեպտեմբերի 14-ին Կոնսերվատորիայի նկուղում Ad libitum ազատ արվեստակիրների ուսանողական-մշակութային նախաձեռնությունը՝ ի դեմս Հայկ Մակիյանի, միջոցառում էր կազմակերպել, որը սովորականների շարքին դասել բարդ կլինի:

Analitik.am-ի հետ զրույցում Կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահ Արթուրն ասաց, որ ռեկտորին ներկայացվել է լրիվ ուրիշ միջոցառում. «Էլեկտրոնային երաժշտության մասին է խոսքը գնում, բայց մի ժամ հետո այնտեղ վերածվել է կարդաբալետի, քաոսի, իսկ ես այդ կանխարգելողներից մեկն եմ, ով այդ միջոցառումը կանխել է: Հաստատ Կոնսերվատորիայի շենքի, ու առհասարակ հայ ազգի, մարդկության հետ կապ չի ունեցել ամեն ինչը ու հարիր չի եղել»:

Հարցին՝ արդյո՞ք ռեկտորին խաբել են միջոցառման հետ կապված, մեր զրուցակիցն ասաց. «Մինչև այդ նորմալ միջոցառումներ էր կազմակերպել Մակիյան Հայկը, այդ վստահությունից ելնելով՝ ռեկտորը իրեն վստահել էր, որպեսզի միջոցառումը կազմակերպի: Չի մտածել, որ կարող է նման բանի վերածվի: Այդքան բան»:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ռեկտորը որոշակի գործողություններ իրականացնի Հայկ Մակիյանի նկատմամբ, Արթուր պատասխանեց. «Ես գաղափար չունեմ»:

Հարցին` կոնկրետ ի՞նչ են արել, որ ինքը ստիպված է եղել կանխարգելել միջոցառումը, Արթուրն ասաց. «Ես պայքարել եմ, որ այդ ամեն ինչը լրատվամիջոցների ձեռքը չընկնի, դա խայտառակություն է Կոնսերվատորիայի համար, և ընդհանրապես հարիր չի: Ես չեմ բարձրաձայնի, թե ինչ եմ տեսել: Իմ պատկերացումների, իմ գաղափարախոսության, իմ արժեքների հետ ընդհանրապես չի համընկնում»:

Նշենք, որ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը ասել էր, որ շաբաթ օրվա կազմակերպած խնջույքը տևել է 20:00-22:00-ն. «Ընդ որում՝ սկսելուց մեկ ժամ հետո ես բուհի ուսխորհրդից և դասախոսական կազմից արդեն ահազանգեր ստացա, որ ինչ-որ արտասովոր բան են նկատել, գունավոր մազերով աղջիկներ են եկել դրսից, մի քանի արտասովոր արտաքինով երիտասարդներ, միջոցառմանը սև խաղող են ճզմել և ինչ-որ պատկերներ են նկարել փոշու վրա, պատուհանները մինչև վերջ փակել են մուգ վարագույրներով, որպեսզի լույսի նշույլ չերևա, և ինչ-որ անպարկեշտ գործողություններ են կատարվել, ես անմիջապես կապ հաստատեցի անվտանգության աշխատակիցների հետ, հրահանգեցի միջոցառումը դադարեցնել և մասնակիցներին դուրս հրավիրել շենքից»:

Նույն օրը նաև ռեկտորը Կոնսերվատրոիայի պաշտոնական էջով հայտարարություն է տարածել, որտեղ Analitik.am-ի հոդվածը որակել էր «ապատեղեկատվություն և սադրանք». «Սոնա Հովհաննիսյանը դրանում տեսնում է միտումնավոր վարք՝ ուղղված իր անձի վարկաբեկմանը: Հոդվածում տեղ գտած փաստերը խեղաթյուրված են և դրանց «սատանիստական, «ԼԳԲՏ» որակումը չի համապատասխանում իրականությանը»:

Անհասկանալի է միայն, թե ինչն է հերքում Սոնա Հովհաննիսյանն այն դեպքում, երբ հենց ինքը հաստատում է, որ տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում կատարվել են սատանիստական աղանդին բնորոշ արարողություններ, ինչպես նաև եղել է համապատասխան սիմվոլիկա:

 

Նույն շարքից