Հասարակություն 

Վարչապետին չի գոհացրել Վանեցյանի և Օսիպյանի աշխատանքը․նրանք հեռացվել են․Է․ Աղաջանյան

analitik.am

Երկու կառույցների պաշտոնյաների գործունեությունը վարչապետին չի գոհացրել։ ՔՊ վարչության նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Նրանք չեն բավարարել վարչապետի պահանջները իրենց գործառույթների շրջանակներում, իրենց պաշտոնում և վարչապետի որոշմամբ հեռացվել են։ Պարոն Օսիպյանին նշանակելով խորհրդական՝ վստահաբար կարող եմ ասել, որ վարչապետը գտենում է, որ այդ պաշտոնում նա օգտակար կլինի»,- ասաց Աղաջանյանը։

Հարցին՝  մյուս ուժային կառույցներում՝ ԱԻՆ-ում և ՊՆ-ում  նոր պաշտոնանկություններ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ, Աղաջանյանն ասաց, որ «նման հարց չի քննարկվել»։

Իսկ թե հատկապես ինչը չի գոհացրել Վանեցյանի և Օսիպյանի աշխատանքներում՝ Աղաջանյանը մեջբերեց վարչապետի այն դիտարկումը, թե ԱԱԾ-ն այն ոլորտը չէ, որի մասին  կարելի է մանրամասներ քննարկել։

«Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ վարչապետի որոշումն է եղել նրանց ազատել և նրանց հնարավորություն է տրվել դիմում ներկայացնել, ինչը և արել են։ Իսկ վարչապետի ասուլիսի ժամանակ դրսևորած հարգալից վերաբերմունքը խոսում է նրա՝ իր գեներալների նկատմամբ ունեցած հարգանքի մասին»,- նշեց Աղաջանյանը՝ ասելով, որ պաշտոնանկություններից բացի քննարկվել են ընթացիկ հարցեր։

Նա նաև հերքեց, որ շոշափվել  է Վիլեն Գաբրիելյանի անունը։

Նույն շարքից