Հասարակություն 

Facebook-ը ստեղծում է անկախ դիտորդական մարմին

analitik.am

Facebook-ը մանրամասներ է հայտնել անկախ դիտորդական մարմնի մասին, որին օգտատերերը կարող են բողոքել կոնտենտի ոչ իրավաչափ հեռացման դեպքում: Սոցցանցը հույս ունի այս գործունեությանը ներգրավել մոտ 40 փորձագետի, փոխանցում է DW-ն:

Սպասվում է, որ խմբի առաջին անդամների անունները հայտնի կդառնան մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Նրանք կնշանակվեն 3 տարով: Յուրաքանչյուր գանգատ կքննի 5 փորձագետից բաղկացած խումբը: Նրանց որոշումը կատարման համար պարտադիր կլինի եւ պետք է ուժի մեջ մտնի հնարավորինս արագ: Միակ բացառությունն այն իրավիճակն է, երբ Facebook-ի ղեկավարությունը համարի, որ կոնտենտի վերականգնումը օրենսդրության խախտում կնշանակի:

Սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նման մարմին ստեղծելու մասին առաջին անգամ հայտարարել էր անցյալ տարի: Ակնկալվում է, որ այն կսկսի աշխատել 2020-ի սկզբին:

Սոցցանցն իր գոյության 15 տարում բազմիցս դարձել է օգտատերերի քննադատության օբյեկտ կամ իշխանությունների հետաքրքրության թեմա: Այսպես՝ 2018 թվականի սկզբին հայտնի դարձավ Facebook-ի պատմության մեջ անձնական տվյալների ամենախոշոր արտահոսքը: Cambridge Analytica ընկերությունն անօրինականորեն հավաքել էր սոցցանցի 87 մլն օգտատերերի տվյալները եւ փոխանցել երրորդ անձանց, այդ թվում, ենթադրաբար, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբին, որը դրանք օգտագործել էր քաղաքական գովազդի համար:

2019 թվականի սեպտեմբերին ամերիկյան մի շարք նահանգներ սոցցանցի դեմ հակամենաշնորհային հետաքննություն են սկսել: Իշխանությունները մտադիր են պարզել՝ Facebook-ն արդյոք չի՞ չարաշահել շուկայում իր գերակա դիրքը:

Նույն շարքից