2010 թվականի համեմատ միգրանտների թիվն ամբողջ աշխարհում աճել է 51 միլիոնով և հասել 272 միլիոնի: Նրանց կեսից ավելին ապրում է ընդամենը 10 երկրում: Այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում:
Միգրանտները ներկայումս կազմում են աշխարհի բնակչության 3,5%-ը: Միգրանտներից 82 միլիոնն ապրում է Եվրոպայում, 59 միլիոնը՝ Հյուսիսային Ամերիկայում, 49 միլիոնը՝ Արևմտյան Ասիայում:
Ամենաշատը՝ 59 միլիոն միգրանտ ապրում է ԱՄՆ-ում, 13-ական միլիոն՝ Գերմանիայում և Սաուդյան Արաբիայում, 12 միլիոն՝ Ռուսաստանում, 10 միլիոն՝ Մեծ Բրիտանիայում, 9 միլիոն՝ ԱՄԷ-ում, 8-ական միլիոն՝ Ֆրանսիայում, Կանադայում, Ավստրալիայում, 6 միլիոն՝ Իտալիայում:
Միգրանտների թվով առաջատարը Հնդկաստանն է: 18 միլիոն հնդիկ ապրում է այլ երկրներում: Մեքսիկացի միգրանտների թիվը հասել է 12 միլիոնի: Չինաստանից արտագաղթել է 11 միլիոն մարդ, ՌԴ-ից՝ 10 միլիոն, Սիրիայից՝ 8 միլիոն:
Զեկույցում նաև նշվում է, որ միգրանտների թվի աճի պատճառների մեջ ամենաէականը պատերազմներն են: