Հասարակություն Բարի օր 

Չեմ նստելու աթոռին, կնստեմ գետնին, իմ տղեն գերեզմաններում ա, ես էլ ստեղ եմ․ Զոհվածների կանայք ու մայրերը նստացույց են հայտարարել

Կառավարության մոտ լարված իրավիճակ է: Այստեղ բողոքի ակցիա են անում զոհվածների մայրերն ու կանայք: Նրանք դժգոհ են, որ կառավարությունը որոշում է կայացրել 30 միլիոն տալ Մարտի 1-ի ժամանակ զոհվածների ընտանիքներն, սակայն նման որոշում չի կայացվել զոհվածների ընտանիքների, ինչպես նաև Սասնա ծռերի հարձակման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների մասով:

Այստեղ է նաև Զինվոր համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով մի քանի կանանց հետ նստել են կառավարության դռների մոտ՝ հայտարարելով նստացույց: Նրանց հետ մինչև այս պահը որևէ մեկը չի հանդիպել, նրանք պատասխան են պահանջում իրենց հարցերի համար:

Զոհվածների կանայք և մայրերը նաև դժգոհ են, որ պետության միջոցներից օգտվում են միայն հակառակորդի կողմից բացված կրակի արդյունքում զոհվածների ընտանիքները. «Եթե զինվորին ընտանիքից պոկում տանում ես, բարի եղի տարբերություն մի դիր նրանց մեջ: Եթե հոգաբարձուների խորհրդին այդքան գումար է փոխանցվում, ինչո՞ւ չեն տալիս բոլորին: Ինչո՞ւ եք տարբերություն դնում: Եթե կառավարությունը 30 միլիոն տալիս է փողոցային վեճերի արդյունքում զոհվածների ընտանիքներին 30 միլիոն տալիս է, բոլոր զոհվածների ընտանիքներին պետք է տրամադրի: Երբ զինվոր է զոհվում, հայտարարում են, որ նրա ընտանիքի կողքին կլինեն, բայց երբ երեխային իջեցնում են փոսը, անմիջապես մոռանում են այդ ընտանիքի մասին: Քավ լիցի, մենք ոչինչ չենք ուզում, տվեք մեր որդիներին, նրանք մեզ կպահեն: Ասում եք, որ եկել է ժողովրդի կառավարություն: Մենք այդ ժողովրդից մեկն ենք: Թող մեզ էլ հիշեն: Մենք ցավում ենք Մարտի 1-ի զոհերի համար, ցավում ենք, որ հայը հային սպանեց: Բայց եթե մեծարել գիտեն, թող զոհվածների մայրերին ու կանանց էլ տան: Իրենց պատի՞վ է բերում, որ զոհվածների մայրերն ու կանայք նստած են այստեղ: Ես իմ կյանքից թանկ բան չունեմ, կյանքս տալիս եմ այս պայքարին։ Չեմ նստելու աթոռին, իմ տղեն գերեզմաններում ա ես ստեղ եմ»:

Ակցիա անող կանայք հայտարարում են, որ քաղաքական որևէ բան չկա իրենց ակցիայի մեջ, իրենք արդարություն են պահանջում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից