Հասարակություն Ռազմական 

Հայաստանում կանցկացվի աննախադեպ մասշտաբների զորավարժություն, տեղի կունենա զորակոչ

analitik.am

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգի հարցերի քննարկման անցնելը վարչապետն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հարցին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, ես կայացրել եմ որոշում՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ և ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ: Տեղեկացնեմ, որ սա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է, և մեր գործընկերներն այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն՝ ղեկավարելու 2 համակարգերը, և ես ուզում եմ հաջողություն մաղթել և շնորհավորել մեր գործընկերներին: Մենք սպասում ենք նախագահի կողմից հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը: Այս պահին կարող ենք մեր գործընկերներին շնորհավորել և հաջողություն մաղթել առաջիկա գործունեության մեջ»:

Կառավարությունն ընդունել է «Զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ անցկացնելու մասին» որոշում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ նախատեսվում է 2019 թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կազմակերպել և իրականացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների ընդգրկմամբ ռազմավարական զորավարժություններ, ընդ որում՝ ուսումնավարժական հավաքների և պարապմունքների անցկացման միջոցով, որի նպատակն է որոշել նշված մարմինների պատրաստությունը և ունակությունը պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման ապահովման գործընթացում: Նախագծով սահմանվում են միջոցառման խնդիրները, իրավասու մարմինների կողմից իրականացվող գործողությունների շրջանակը: Նաև հայտարարվելու են պահեստազորայինների և տրանսպորտային միջոցների ներգրավման զորավարժություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ մեծ մասշտաբային միջոցառում է նախապատրաստվում և հետաքրքրվել Պաշտպանության նախարարից՝ նախկինում այս մասշտաբի զորավարժություն ունեցե՞լ ենք, թե՞ սա աննախադեպ ծավալի զորավարժություն է: Դ. Տոնոյանն ասել է, որ այս մասշտաբում զորավարժություն չէ եղել, և նախատեսվող զորավարժությունը Հայաստանի միջազգային պարտավորությունների շրջանակում է:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով զորավարժության կարևորությանը, նկատել է. «Ես ուզում եմ ընդգծել, որ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը մեր քաղաքացիները, ըստ ամենայնի, կտեսնեն, կնկատեն, որ տեղի են ունենում պրոցեսներ: Հույս ունենք, որ նրանք, ովքեր օրենքով սահմանված պարտականություն ունեն, նաև պիտի ներգրավվեն: Պաշտպանության նախարարի հրամանով նաև զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու, և քաղաքացիներին, մեր հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել այդ գործընթացներին, որովհետև սա իրականում շատ կարևոր միջոցառում է, որի նպատակը մեր երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելն է, մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը ստուգելը և բարձրացնելն է: Սա պլանային, աննախադեպ, կարևոր միջոցառում է»:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել պետական բոլոր մարմինների ղեկավարներին նախապատրաստական փուլում ՊՆ-ին ցուցաբերած աջակցության համար՝ նշելով. «Ես ուզում եմ խնդրել և դիմել ձեզ, որ հանրային աշխատողներին, հասարակական կազմակերպություններին, ՊՕԱԿ-ներին, ՓԲԸ-ներին, որոնք ձեր գործունեության ոլորտում են գտնվում, կոչ անել, որպեսզի օրինակելի պահվածք ցուցաբերեն և հասկանան, թե ինչ է կատարվում: Ընդհանուր առմամբ ընդամենը 6 տոկոսն է մարտական ուսումնական հավաքներին ներգրավված, ընդամենը 6 տոկոսն է, որ ընդգրկվելու է 3-5 օրով, մնացած 96 տոկոսն ուղղակի ներկայանալու են հավաքակայաններ՝ 1 օրով: 6 տոկոսի ընտրությունը կատարվել է իրենց զինվորական մասնագիտությունների առումով, և իրենք արդեն տեղեկացված են դրա մասին: Սննդի կազմակերպման, տեղափոխման բոլոր խնդիրները լուծված են: Իրականում պահանջվում է, որպեսզի գիտակցաբար վերաբերվեն այդ հարցին, հատկապես հանրային ծառայողները»:

Վարչապետ Փաշինյանը ևս կարևորել է այդ հանգամանքը՝ նշելով. «Շատ կարևոր է, որպեսզի նաև նախորդ զորավարժությունների փորձը հաշվի առնելով՝ ֆորմալ մոտեցում չցուցաբերեն, որովհետև դա շատ կարևոր մկջոցառում է: Ֆորմալիզմը պետք է բացառել, իհարկե, չափից ավելի լրջացնել էլ պետք չէ, բայց պետք է պատշաճ վերաբերմունք լինի և պատշաճ արձագանք լինի այս միջոցառումներին»:

Մեկ այլ որոշման ընդունմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրել է 9,436.8 հազ. դրամ՝ ՀՀ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Դեպքը տեղի է ունեցել 2016 թ. ապրիլին, Թալիշում: Գումարը ներառում է ստացիոնար պայմաններում բուժման և կեցության ծախսերը և ճանապարհածախսը: Առկա է Առողջապահության նախարարությունում գործող մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունն առ այն, որ այս դեպքը հնարավոր չէ բուժել Հայաստանում:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հարցը քննարկվել է բավական երկար և մանրամասն. «Կարևոր է արձանագրել, որ ընդհանուր առմամբ եկել ենք նման լուծման, որ բոլոր այն դեպքերում, երբ պատշաճ բուժումը հնարավոր է իրականացնել Հայասստանի Հանրապետությունում, ուրեմն մենք այսպիսի լուծումների չենք գնա՝ ուղղակի արտասահման ուղարկելու տրամաբանությամբ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ կա մասնագիտորեն հիմնավորված անհրաժեշտություն, իհարկե, մենք այդ դեպքերն առանձին-առանձին կքննարկենք և կկայացնենք որոշում»:

Նույն շարքից