Հասարակություն 

Մեր օրհնությունը բաշխեցինք ազգային բարերար Սամվել Կարապետյանին և նրա ընտանիքին. Գարեգին Բ

analitik.am

Սեպտեմբերի 18-ին հոգու բերկրանքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարեցինք հիմնանորոգված Վեհարանի, նորակառույց Սրբոց Հայրապետաց մատուռի և հանդիսությունների սրահի բացման արարողությունը։

Մեր օրհնությունը բաշխեցինք ազգային բարերար Սամվել Կարապետյանին եւ նրա ընտանիքին` Վեհարանի համալիրի շքեղազարդ նորոգության ու կառուցապատման աշխատանքները հանձն առնելու, նրանց սրտաբուխ ու առատաձեռն նվիրատվության համար: Հայոց Եկեղեցուն մատուցած բացառիկ ծառայությունների բարձր գնահատանքով` տիար Սամվել Կարապետյանին շնորհեցինք «Սուրբ Էջմիածնի ասպետ» պատվո բարձրագույն շքանշանը:

Ազգային բարերարների երախտարժան գործունեությունը ցանկալի օրինակ է ազգիս զավակներին՝ իրենց կարողությունները, շնորհները, ունակություններն ու ժամանակը ծառայեցնելու բարի գործերի, հայրենիքի, ժողովրդի և Եկեղեցու կյանքի բարեփոխմանն ու զարգացմանը:

Վեհարանը, արդիական միջոցներով հագեցած հանդիսությունների սրահով, այսուհետ առավել ընդարձակ հնարավորություններով պիտի շարունակի ծառայել հոգևոր, մշակութային, կրթական, գիտական գործունեությանը մեր Սուրբ Եկեղեցու: Այս համալիրում գեղեցկորեն ներկառուցված Սրբոց Հայրապետաց մատուռը մի նոր սրբավայր պիտի լինի աղոթքի և սուրբ հայրապետների բարեխոսության հայցի՝ մեր երկրի, մեր ժողովրդի և համայն աշխարհի համար:

Մեր հանապազօրյա աղոթքն է, որ Աստված, որ խաղաղության և առաջընթացի մեջ պահի մեր հայրենիքը, ուժ և կարողություն պարգևի մեր բարեպաշտ ժողովրդի զավակաց, որպեսզի կարողանանք պահպանել, բարեզարդել և հաջորդ սերունդներին փոխանցել մեր պատմական հարուստ ժառանգությունը։ Թող Տերը մշտապես առատացնի հայրենաշեն ու եկեղեցանվեր նման իրագործումների բերկրանքը հայոց կյանքում:

Գարեգին Բ

Նույն շարքից