Հասարակություն 

Կոտայքի մարզպետը Հրազդանի հիվանդանոցում մորաքրոջ որդուն «զոն նայող» է նշանակե՞լ

analitik.am

Analitik.am-ի տեղեկություններով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Հրազդանի ԲԿ-ում որպես «վերահսկիչ» նշանակել է իր մորաքրոջ որդուն: Նրա աշխատանքը կայանում է նրանում, որ հիվանդներից հարց ու փորձ է անում՝ հիվանդները բուժքույրերի կամ բժիշկների գրպանը փող դրել են, թե՝ ոչ:

Արդեն մոտավորապես տարի ու կես է մորաքրոջ որդին որպես «զոն նայող է» աշխատում, սակայն դեռևս մեկ 1000 դրամի կաշառքի դեպք, ըստ մեր աղբյուրների, չի բացահայտել:

«Իրենց նման դառմայեդները բլոկնոտները ձեռքներին 500 հազար են ստանում, իսկ բուժքույրերը և բժիշկները կոպեկներ»,-ասաց մեր աղբյուրը:

Բացի այդ, Հրազդանի հիվանդանոցում աշխատավարձի բարձրացում չի գրանցվել, որը խոստացել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հակառակը հիվանդանոցում այժմ կրճատումներ է գնում, հաստիքները փակվում են, բուժաշխատողները ծանուցագրեր են ստանում, որ հաստիքը փակված է և պետք է այլ աշխատատեղ փնտրեն հիվանդանոցի շրջանակներում: Աշխատակիցները մտավախություն ունեն, որ ի վերջո ազատվելու են աշխատանքից. Այժմ միայն թոշակառուներն են ազատվել:

Նշենք, որ բուժաշխատողների կրճատման հեղինակը նույնպես Ռոմանոս Պետրոսյանն է, նա է հրահանգել հիվանդանոցում կրճատել հաստիքները: Իսկ թե ինչպես է բուժհիմնարկը գործելու, այն դեպքում, երբ սպասարկում է  Հրազդանի տարածաշրջանը, հիվանդներ է ընդունում Սևանից, Գավառից, Չարենցավանից և այլ բնակավայրերից, կարծես թե ոչ բժշկական կրթություն չունեցող մարզպետի համար նշանակություն չունի՝ կարևորը՝ տնտեսելն է:

Այժմ Հրազդան ԲԿ-ն ունի շուրջ 400 աշխատակից, որից 100 հոգի հայտնվել են մարզպետի թիրախում, առայժմ կրճատվել է գիշերային հերթապահների աշխատավարձերը 4 ժամով, աշխատանքը կատարում են, սակայն չեն վարձատրվում:

Բուժհիմնարկը բուժսարքավորումների թարմացման, մասնավորապես ռենտգեն ապարատի կարիք ունի, որի վերաբերյալ մարզպետը չի անհանգստանում: Փոխարենը հիվանդանոցի մուտքի մոտ դրված է մատնահետքը ֆիքսող սարք, որի համար կարողացել են գումար առանձնացնել:

Ընդհանուր մթնոլորտը հիվանդանոցում լարված է. Մի կողմից կրճատումները և ծանուցագրերը, մյուս կողմից Կոտայքի մարզպետի «զոն նայող» ազգականը բուժհիմնարկում աշխատանքը դարձրել են անտանելի, որից բուժծառայության որակը հաստատ կտուժի:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից