Հասարակություն 

Պետությունը 3 անչափահաս երեխա ունեցողներին աջակցություն չի տրամադրում․ Տղամարդիկ արտագաղթում են

analitik.am

Վերջին տարիներին Հայաստանում ծնելիության նվազում է  արձանագրվում. 2018 թ-ին Հայաստանում ծնվել է 36 հազար 502 երեխա, 2017 թ-ին՝ 37,7 հազար, 2016 թ-ին՝ 40 հազար 592, 2015 թ-ին՝ 41 հազար 763 երեխա:

Հայաստանում անկախությունից հետո, հատկապես 1995-96 թ․թ-ից հետո, արձանագրվել է ծնելիության նվազում. կանանց պտղաբերության ցուցանիշը՝ 2.6 երեխայից հասել է մինչև 1.6 երեխայի, այսինքն մեկ կինը չի վերարտադրում մեկ ամուսնական զույգի:

Սաթիկը երկու աղջիկ և մեկ տղա ունի, տղան երրորդն է ծնվել:

«Եթե առաջինը ծնվեր տղա, ապա երրորդ երեխան չէի ունենա, ուղղակի բերեցի, որ տղա ունենանք, պահելն իրոք շատ դժվար է: Անգամ քույրը քրոջ հագուստը հագնում է բակում ասում են՝ քրոջ շորն ես հագել: Նախկինում նման բան չկար, հիմա շատ բան է փոխվել: Բայց եթե միջոցներ ունենայի 5-6 երեխա կունենայի, չեմ կարողանում պահել»,- ասաց Սաթիկը:

Ըստ նրա, մեքենա են ունեցել, նպաստ են ստացել միայն մեկ ամիս, երբ իմացել են, որ մեքենա ունեն, այլևս նպաստ չեն վճարել:

«Ես գիտեմ 53 և 55 հազար դրամ ստացողները, նաև սկեսուր, սկեսրայր ունեն, սակայն նպաստ ստանում են: Ես էլ կարող էի ստանալ, սակայն չստացա, որովհետև ունեինք այդ մեքենան, որը համարվում է եկամուտի աղբյուր, բայց ի՞նչ էր անելու այդ մեքենան մեզ, ոչ մի բան»,-ասաց Սաթիկը՝ ավելացնելով, որ 3 անչափահաս երեխա ունի, սկեսուր, սկեսրայր ու ստանում է 55 հազար դրամ, սակայն նպաստ չի ստանում, ամուսինն այստեղ այնտեղ գործ է անում, մի կերպ են ծայրը ծայրին հասցնում:

Ըստ նրա, պետությունն այսօր «բազմազավակ» համարվող 3 անչափահաս երեխա ունեցողներին որևէ աջակցություն չի տրամադրում, քանի որ մարդը կարող է մի «չխկլիկ» ունենալ:

«Մի ընկերուհի ունեմ, որ հիվանդանոցում է աշխատում, ասում է, որ անգամ աբորտների թիվն է նվազել, ոչ թե այս կամ այն սեռի երեխա են ուզում, այլ տղամարդիկ արտագաղթել են, հղիացող էլ չկա»,-ասաց նա:

Նաև նշեց, որ պտղաբերության խնդիր էլ կա, անպտղությունն ավելի զգալի է, շատ զույգեր գիտի, որ երեխա չունեն ու չեն կարողանում ունենալ, բուժումները թանկ են, սակայն, ովքեր էլ, որ կարող են երեխաներ ունենալ՝ պետությունը չի աջակցում, պետք է անպայման աղքատ լինես, որ քեզ փող տան:

«Ես չեմ ուզում դղյակներ ունենամ, նորմալ ապրել եմ ուզում, աշխատում եմ, սակայն այնքան գումար չեն տալիս, որ իմ ընտանիքը նորմալ պահեմ, 55 հազար դրամով ինչպես պահեմ: Եթե պետությունը երեխաներիս նպաստ չի տալիս, թող այնքան աշխատավարձ տա, որ ես իմ երեխաներին պահեմ, ոչ ոքից էլ փող չխնդրեմ: Ոչ նորմալ աշխատավարձ են տալիս, ոչ՝ նպաստ, հետո էլ ասում են՝ երեխա բերեք: Լավ թող բերեն, բայց ոնց պահեն: Մենակ խոսում են՝ բերեք, բերելով չի»,-ասաց նա:

Նաև հավելեց, որ կառավարությունը պետք է վերանայի 3 անչափահաս երեխաների հարցը և անկախ ընտանիքի կարգավիճակից նպաստ տրամադրի, ինչպես նախկինում էր:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից