Հասարակություն 

Վայոց ձորի մարզպետը պնդում է, որ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետն աստիճաններից է ընկել, ոչ թե իր օգնականն է ծեծել

analitik.am

Ես տվյալ դեպքին ներկա չեմ եղել, և դա ապացուցող շատ հանգամանքներ կան: Այս մասին Գյումրիում անցկացվող Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասել է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Տուժած փոխգնդապետը կոմայի մեջ է, իսկ նրան ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը:

«Այդ ապացույցներից են, օրինակ, մեր շենքի բակում եղած տեսախցիկների ձայնագրությունները, թե ինչպես եմ եկել տուն և միջադեպի ժամանակ տնից դուրս չեմ եկել»,-ասել է Սարգսյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հրապարակմանը, որ մարզպետ Տրդատ Սարգսյանը ևս մասնակից է եղել միջադեպին, ինչի առնչությամբ Դատախազությունը ուսումնասիրություն է իրականացնում:

Մարզպետը չի ցանկացել գնահատական տալ իր օգնականի գործողություններին՝ նշելով, որ կսպասի քննության ավարտին: «Որքանով ես եմ տեղյակ, եղել են հարբած վիճակում գտնվող 4 կամ 5 զինվորականներ, որոնք օգնականիս տուն գնալու ժամանակ վիճաբանության են ներքաշել իրեն և փորձել վնասել»,-մեկնաբանել է մարզպետը:

Վերջինս նշել է, որ իր տեղեկություններով՝ օգնականը ծեծի չի ենթարկել այժմ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետին:

«Չեմ կարծում, որ այդ մարդը կարող էր ծեծի ենթարկվել, որովհետև, ինչպես որ տեղեկացել եմ, բավականին ամրակազմ սպաներ են եղել»,-ասել է Սարգսյանը, իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպես է ստացվել, որ վերջինս կոմայի մեջ է հայտնվել, պատասխանել է.

«Իմ տեղեկությամբ, երբ հետապնդել է իմ օգնականին մինչև բնակարան, այդ աստիճաններից է ընկել, ոչ թե իրեն հարվածել են: Դա ես գիտեմ իմ օգնականի պատմելով, թե այլ բան է եղել կամ այլ բան չի եղել, դա արդեն գործի քննությունը կբացահայտի»:

 

Նույն շարքից