Հասարակություն 

ԲԴԽ նախագահը կպատասխանի «վնգստացող դատավորների» մասին Քոչարյանի փաստաբանների դիմումին

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, որ Հայաստանում կան դատավորներ, ովքեր «վնգստում են պատերի տակ»: ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի կարծիքով, դատավորների շրջանում շատ լավ հասկանում են, թե ում է ուղղված այդ հայտարարությունը: Երեկ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դիմել են ԲԴԽ նախագահին, որպեսզի վերջինս տրամադրի «վնգստացող դատավորների» ցանկը, եթե այդպիսիք կան:

Այսօր` սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում Վարդազարյանն ասաց, որ դիմումը դեռ չեն ստացել, եթե ստանան, անպայման կպատասխանեն. «Անպայման պատասխանելու եմ: Կապված հարցադրումից, կորոշեմ, թե ինչպես պատասխանեմ»:

Խոսելով դատական համակարգում փոփոխությունների մասին` ԲԴԽ նախագահը հավաստիացրեց, որ արվում է ամեն ինչ, որպեսզի լինի այնպիսի դատարան, որ ցանկացած քաղաքացի առանց որևէ կասկածի ընդունի դատարանի որոշումները:

Վարդազարյանը վստահաբար պնդեց, որ Հայաստանն ունի նորմալ դատական համակարգ. «Իհարկե թերություններ կան, սակայն մեր դատական համակարգը բավականին կայուն է, լավ է աշխատում, կան թերություններ, որոնք շտկելու համար ակտիվ գործողություններ են արվում»:

ԲԴԽ նախագահը հայտարարեց, որ դատական համակարգի նկատմամբ ճնշումներ չկան. «Երբեք դատական համակարգն այսքան ազատ ու անկախ չի եղել»։

Վարդազարյանը նաև իր գոհունակությունը հայտնեց այն մասով, որ կառավարությունը քննարկում է դատավորների աշխատավարձը բարձրացնելու, դատարանների պայմանները բարելավելու ու դատավորների թիվն ավելացնեոլու հարցերը:

Նույն շարքից