Քաղաքականություն 

Եթե Ադրբեջանը մեզ հետ չբանակցեց հակամարտության լուծում չի լինելու. Դավիթ Բաբայան

analitik.am

Լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, խոսելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարության մասին, թե Հայաստանը ետքայլ է անում բանակցային գործընթացում, հայտարարեց, որ Բրայզային անձամբ ճանաչում է. «Շատ լյավ տղա է, դիվանագետ է նաև բարձր մակարդակի: Բայց նրա ասածը վերջնական չէ, նա մարգարե չէ»:

Բաբայանը հիշեցրեց, որ Բրայզան կապեր ունի Ադրբեջանի հետ` կինը թուրք է. «Այս ամենն իր դերակատարումն ունենում է: Ի՞նչ ետքայլի մասին է խոսքը: Եթե Ադրբեջանը գալիս ու պահանջում է իր ահաբեկիչներին ու մարդասպաններին, ինչի դիմաց ասում է, որ բաց կթողնի ՀՀ այն քաղաքացիներին, որոնց պարտավոր է բաց թողնել, երբ հերոսացնում են Սաֆարովին, երբ ասում են, որ Երևանն ու Արցախն իրենցն է, ի՞նչ ետքայլի մասին է խոսքը»:

Բաբայանը խոսեց նաև Ստեփանակերտի և Հայաստանի միջև անհամաձայնությունների մասին` հայտարարելով, որ անհամաձայնությունը թշնամանք չի նշանակում.«Դա նշանակում է տարբեր կարծիքներ, որոնք պետք է լինեն ցանկացած նորմալ երկրում: Բայց դա չի նշանակում, որ պետք է լինի թշնամանք: Պետք է միասնականություն լինի: Պաշտոնական Երևանն ու պաշտոնական Ստեփանակերտը պարտավոր են նորմալ հարաբերություններ ունենալ»:

Բաբայանը նշեց, որ Արցախի ապագայի մասով սկզբունքային տարաձայնություններ չկան:

Ինչ վերաբերում է հակամարտության լուծմանը, Բաբայանը հայտարարեց, որ Ստեփանակերտի կարծիքով այն պետք է այնպիսին լինի, որ Արցախի անվտանգությունն ապահովվի, որևէ մեկի մոտ գայթակղություն չլինի վերանայել լուծումը, լինի երկարատև, միգուցե հավիտենական, այլ տարբերակ չկա:

Արցախում լավ են վերաբերում Հայաստանի ջանքերին, բանակցային սեղան վերադարձնելու համար, սակայն հասկանում են, որ դա բարդ ու ժամանակատար գործ է:

Ինչ վերաբերում է բանակցային սեղանից Արցախի դուրս գալուն, Բաբայանը նշել է, որ դա դուրս է եկել Ադրբեջանի քաղաքականության շնորհիվ. «Եթե Ադրբեջանը չի ուզում մեզ հետ բանակցել, դա իր որոշումն է, սակայն առանց դրա հակամարտության լուծում չի լինելու»:

Նույն շարքից