Հասարակություն 

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

analitik.am

Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ:

28 տարի առաջ այս օրը ազգային ժողովրդավարական շարժումով ոտքի կանգնած հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը:

Անկախ պետականություն ունենալու ձգտումը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի տարբեր սերունդների մեծագույն նպատակը: Մեր նախահայրերը իրենց դարավոր պայքարով մշտապես վառ են պահել ազատ և անկախ ապրելու վեհ գաղափարները մեր հավաքական ինքնագիտակցության մեջ: Հենվելով ազգային և համամարդկային արժեքների լավագույն համադրման վրա, ցուցաբերելով անկոտրուն կամք և հանդես գալով որպես իրապես միասնական ուժ՝ հայ ժողովուրդը հաղթեց իր ազգային ազատագրական պայքարը և ի լուր աշխարհի հռչակեց Հայաստանի անկախ պետականության վերականգնման մասին:

Այսօր Հայաստանը միջազգային հանրության կարևոր անդամ է՝ վարելով տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված հավասարակշռված քաղաքականություն և ակտիվորեն ներգրավելով աշխարհն ավելի անվտանգ և բարեկեցիկ դարձնելուն ուղղված միջազգային ջանքերում: Հայաստանը հենվում է ինքնիշխանության, համահայկականության և փոխգործակցության սկզբունքների վրա: Մենք գիտակցում ենք, որ ամեն օր ու ժամ մենք պարտավոր ենք առավելագույնն անել Հայաստանի և Արցախի անվտանգության և զարգացման համար բարենպաստ արտաքին քաղաքական միջավայր ստեղծելու նպատակով:

Նախորդ տարի մենք ևս մեկ կարևոր պատմական նշանակության հաղթանակ տարանք, այս անգամ արդեն հանուն ժողովրդավարության և օրենքի գերակայության համար մղված մեր պայքարում: Հայ ժողովուրդը այս պայքարում ևս հենվում էր միասնականության և ազատատենչության գաղափարների վրա: Այսօր արդեն մենք պետք է առավելագույնը քաղենք Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման և մեր ներքին աննախադեպ համախմբվածության ընձեռած հնարավորություններից:

Շնորհավորելով միմյանց այս կարևոր տոնի առթիվ՝ մենք նախևառաջ մեր հարգանքի տուրքը պետք է մատուցենք անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին, արժևորենք անկախության խորհուրդը, այն է համախմբվածությունն ու հայրենասիրությունը, գիտակցենք, որ անկախ պետականությունը մի ժառանգություն է, որը պետք է շարունակել ամրապնդել և զարգացնել, որի համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները առկա են մեզ մոտ. դա մեզանից յուրաքանչյուրն է, ամեն մի հայ, ով մշտապես վառ է պահում անկախ և հզոր հայրենիք ունենալու գաղափարը՝ անկախ բնակության վայրից:

Նույն շարքից