Սերժ Սարգսյանի անունով այսօրվա պետական միջոցառումներին հրավեր եղել է, բայց քանի որ այս այցը, միջոցառումը նախատեսված էր վաղուց, իսկ հրավերը ստացել էինք երեք օր առաջ, բնական է, որ նախագահն իր կուսակիցների, ընկերների հետ այստեղ էր, ոչ թե Գյումրիում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արմեն Աշոտյանը։
Նշենք, որ այսօր երրորդ նախագահը հանրապետականների հետ մեկնել է Լոռի:
«Մի կողմից գովելի է, որ երկրի նախկի ղեկավարներին հրավեր է գնում նման պետական կարևորության տոների կապակցությամբ, բայց խոստովանենք, որ քաղաքական տեսակետից երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու դեպքում անկախության օրվա առիթով միասնականության գաղափարն ի սկզբանե խարխլված է»։
Խոսելով Քոչարյանի մասին, Աշոտյանն ասաց, որ հանրապետական կուսակցությունն ամբողջությամբ սատարում է Ռոբերտ Քոչարյանին իրենց համար ակնհայտ քաղաքական շարժառիթներով հարուցված քրեական գործընթացի շրջանակներում․ «Այս հարցի հետ կապված խնդրի մասին մենք բարձրաձայնել ենք բոլոր այն միջազգային կազմակերպություններում, որտեղ անդամակցում ենք։ Եվ այդ սատարումը շարունակվելու է մինչև արդարադատության և արդարության հաղթանակ, որին մենք հավատում ենք։ Չեմ ցանկանա, որ այդ հաղթանակը գա Ստրասբուրգից, կգերադասեմ, որ այդ հաղթանակը կերտվի Հայաստանի սահմաններում՝ Երևանում»։
Անդրադառնալով Քոչարյանի հետ քաղաքական կոնսեսուսի գնալուն, Աշոտյանն ասաց, որ կոնկրետ քաղաքական օրակարգ այս պահին ընդդիմադիր որևէ բևեռի կամ ուժի հետ չի քննարկվում․ «Ռոբերտ Քոչարյանի դեպքում մեզ համար գերակա է հարցի և՛ քաղաքական, և՛ բարոյական, և՛ իրավական կողմը, իր ազատության հասնելը՝ չբացառելով որևէ համագործակցություն ընդիմադիր դաշտի այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ մենք կունենանք ծրագրային առաջնահերթությունների համադրություն»։